Մովսես Հակոբյանի ու Լևոն Մնացականյանի պաշտոններից ազատումը բացասաբար է ազդել պատերազմի ընթացքի վրա. Օհանյան
«44-օրյա պատերազմական գործողություններում տարած պարտություններից մեկի պատճառը Զինված ուժերի ղեկավար կազմում շուտ-շուտ փոփոխություններն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին տեղի են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի, նաև Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխությունները: Ս. Օհանյանը նշեց, որ մարդիկ լիարժեք չեն տիրապետել իրականությանը, չեն ունեցել համապատասխան փորձ, հավանաբար պատերազմական գործողությունների ընթացքում երկրի ղեկավարության հետ միասին աշխատանքի ժամանակ ճիշտ եզրակացություններ չեն կազմել ռազմաքաղաքական իրադարձությունից և ճիշտ որոշումներ չեն ընդունվել:
Նրա խոսքով, գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի ու ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոններից ազատումը չափազանց բացասական կերպով է ազդել մարտական գործողությունների ընթացքի վրա, նաև՝ կառուցվածքային փոփոխությունները, կենտրոնական ապարատի ուռճացումը, որոշ մարտական զորամասերի կրճատումը որոշ ուղղություններում բացասական են ազդել մեր պաշտպանական խնդիրների իրականացման վրա:
«Կառավարության ղեկավարը չի հասկանում, որ զինվորական հարթության վրա հներ նշանակում է փորձ, մարտական ունակություններ, պաշտոնների հետ մեկտեղ համապատասխան աշխարհահայացք, ռազմական թատերաբեմը լիարժեք պատկերացնելու ունակություններ»,- ասաց նախկին նախարարը:
Նա նշեց, որ Գլխավոր շտաբի պետի պաշտոնն էլ քաղաքականացնում են, դարձնում են քաղաքական թիմի անդամ, ինչպես պայքար մղվեց ու ջախջախվեց Սահմանադրական դատարանը, ոչնչացվեց, այնպես էլ Գլխավոր շտաբը:
Ս. Օհանյանն ասաց, որ սովորաբար պաշտոններից ազատելու դեպքում նշվում են դրանց պատճառները, ծառայողական քննություն է անցկացվում, սակայն այս իշխանության օրոք, հատկապես վերջին ազատումների՝ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի, որոնք հենց նշանակվել են այս իշխանության օրոք ու նաև կոչումներ են նրանց տրվել, առանց որևէ պատճառաբանությամբ ազատվել են աշխատանքից, ինչն էլ ԳՇ-ում վրդովմունքի առիթ է հանդիսացել.
«Սա մեկ մարդու կամայականությունների արդյունքում ձևավորված իրադրություն է»։
«Իրավունքի ուժով թե ուժի իրավունքով բառակապակցությունն ինձ համար անընդունելի է։ Երբ որ Հանրապետության նախագահը, ով հանդիսանում է մեր պետության գլուխը, հետ է ուղարկում առաջարկությունն ու ասում՝ ինչ-ինչ պատճառներ կան այդ մարդուն չնշանակելու կամ ազատելու, իսկ նշանակումներն ու ազատումներն իրականացվում են ծառայողական քննության ու հիմնավորված միջնորդությունների արդյունքում, այս առումով այս ամբողջ գործընթացն իմ համար անընդունելի է»,- ասաց նա։
Ս. Օհանյանը նշեց՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր հայտարարությամբ իրադրությունը գնահատել է ու ցանկացել է ժողովրդի հետ լինել, իսկ ժողովրդի մեծ մասը պահանջում է, որ այս պարտված իշխանությունը հեռանա:
Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ չի կարող ասել՝ Արտակ Դավթյանի ԳՇ պետի պաշտոնում նշանակումով բանակը կտուժի՞, թե՞ կշահի։
«Նշանակված նոր շտաբի պետը ինչ-որ խախտման պատճառով որոշ ժամանակ առաջ ազատվել էր նույն վարչապետի կողմից: Գտնում եմ, որ հայկական բանակն այն կառույցն է, որ դժվար իրավիճակից ամենաարագը կարող է դուրս գալ: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով: Հիմքը կա, լիարժեք արագ տեմպերով աշխատելու համար», - ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ԶՈւ ԳՇ պետի պաշտոնին
- «Օնիկ Գասպարյանը ԳՇ-ում է. պարտավոր էր ներկայանալ աշխատանքի». Փաստաբան
- Կառավարություն. Օնիկ Գասպարյանը ազատված է ԳՇ պետի պաշտոնից, իսկ ԳՇ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է
- Արտակ Զաքարյան. ՊՆ-ն և ԳՇ պետը տեղյակ եղե՞լ են, որ «վարչապետը»՝ պատերազմի բախտորոշ փուլում, նման նախաձեռնությամբ է հանդես գալու
- Այն զինվորականը, ում դավաճանը կնշանակի ԳՇ պետ, գետնով կտա սպայի արժանապատվությունը. Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան