Հերիք է ժողովրդի անունից պետականություն քանդեք. Տարոն Սիմոնյան
«Հանրույթում աղմուկ է, կործանարար աղմուկ։ Ընդհանրապես, կործանումը միայն ֆիզիկական ոչնչացումը չէ, այլ նաև բարոյական գահավիժումն է»,- այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Նրա խոսքով, այսօր ամենուր բոլորը խոսում են ժողովրդի անունից. «Հերիք է ժողովրդի անունից պետականություն քանդեք։ Ժողովուրդը միայն այսօրվա ապրող մարդիկ չեն, միայն ձեզ ծափահարողները չեն»։
Ըստ պատգամավորի, ժողովուրդը 4000 տարի ապրած, այսօր և 1000 տարի հետո ապրող հայերն են։ Նա նշեց, որ հայ ժողովուրդը նպատակներ ունի, որոնք պետք է իրագործել։
«Ազդեցիկ ազգ՝ աշխարհում և ժամանակի մեջ, առաջադեմ և մրցունակ պետականություն՝ իր կենսական տարածությամբ, արդյունավետ պետական իշխանությամբ և կիրթ ու հասուն հանրությամբ և առաքինի անհատ՝ վեհ հոգով, ազնիվ մտքով և քաջությամբ։ Ո՞րն է դեպի այս նպատակները տանող ճանապարհը. օրինապահությունը՝ որպես հայրենասիրություն և բարոյական պարտականություն։ Իսկ այս ճանապարհի խոչընդոտները թշնամիները չեն, այլ մեր թերություններն են՝ մեծամտություն, եսասիրություն, նյութապաշտություն, տգիտություն, անկազմակերպվածություն...։ Սրանց դեմ պետք է պայքարենք կազմակերպված աշխատանքով, դեպի նորարարությունը միտվաշ աննկուն կամքով»,- ներկայացրեց պատգամավորը։
Նա հստակեցրեց՝ եթե կան մարդիկ, որոնք այլ նպատակներ ունեն, ապա շուտով նրանց հիասթափություն է սպասվում, քանի որ Հայկյան ուղեծիրը, ասել է թե քաղաքակրթական առաքելությունը իր հիմքով ազգային է, էությամբ համամարդկային է, իսկ ճանապարհով՝ անբեկանելի։
«Եթե դուք գիտակցում եք այս ամենն ու ընթանում եք հայկական ուղեծրի տրամաբանությամբ, ապա ազգային հավաքական գիտակցությամբ պետք է նաև ունենաք երջանկության ապրումներ, եթե չեք գնում այս ուղղությամբ, ապա ստիպված եք լինելու վայելել ստվեր և փոշի դառնալու հպարտությունը»,- եզրափակեց խոսքը Տարոն Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բացասական, խտրական մոտեցում կա միայն զինծառայողների նկատմամբ. Տարոն Սիմոնյան
- Կառավարությունը որոշել է «պատժել» ՄԻՊ-ին լավ աշխատանքի համար. Տարոն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան