Մենք հնարավորինս արժեզրկել ենք այս ինստիտուտը. իմքայլական պատգամավոր
Խորհրդարանը քննարկում է «ԱԺ Կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը։
Նախագծի հեղինակ Սերգեյ Բագրատյանի խոսքով, օրենքի ԱԺ Կանոնակարգ օրենքի 20-27 հոդվածները կանոնակարգում են քննիչ հանձնաժողովի ձևավորման ու գործունեության վերաբերյալ կարգավորումները։ Այս հոդվածներում, մասնավորապես, նշվում է, որ քննիչ հանձնաժողովը ձևավորվում է հանրային բարձր հնչեղություն ունեցող հարցերի շուրջ։
«Բայց քննիչ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում մենք հասկացանք, որ շատ պաշտոնյաներ կարող են հրավիրվել նիստերին ու չմասնակցել։ Եվ որոշեցինք կարգավորել այս խնդիրն ու պատասխանատվության մեխանիզմ ներդնել։ Այսինքն՝ կառավարության այն անդամը, որը կհրավիրվի քննիչ հանձնաժողովի նիստին, և անհարգելի պատճառով չի մասնակցի, առիթ կտա, որ քննիչ հանձնաժողովը իր որոշմամբ դիմի ԱԺ խմբակցություններին, որպեսզի նրանք ԱԺ նախագահին դիմեն ու նրա միջոցով վարչապետի ուշադրությունը հրավիրեն տվյալ պաշտոնյայի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությանը»,- ներկայացրեց պատգամավորը։
Նա նշեց, որ նախագիծը մերժվել է այն պատճառաբանությամբ, թե ԱԺ պատգամավորն ինքը կարող է նման առաջարկով հանդես գալ, և պետք չէ նաև նման հնարավորություն տալ քննիչ հանձնաժողովին։
«Կարծում եմ, որ պատգամավորը կամ խմբակցությունը չեն կարող կոնսենսուսային համաձայնության գալ։ ԱԺ մեծամասնությունը մերժեց այս նախագիծը, քանի որ այս խորհրդարանում մենք չենք կարող գործադիրի նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել, քանի որ չունենք գործիքակազմ։ Բացի այդ, մեծամասնությունը չի ցանկանա լրացուցիչ գործիքակազմ տրամադրել՝ իր քաղաքական առաջնորդին վերահսկելու համար։ Ինձ մոտ տպավորություն է, որ մենք ինչ-որ բան սխալ ենք անում, և հավանաբար պետք է մեծամասնության քաղաքական առաջնորդը մնա պառլամենտում»,- կարծիք հայտնեց անկախ պատգամավորը։
Նախագծի հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ առաջարկը, որ կա նախագծում՝ այսօր էլ գործում է, ամեն պատգամավոր կարող է իր խմբակցության ղեկավարին դիմի ու վարչապետին ներկայացնի կոնկրետ պաշտոնյայի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։
«Ինչ վերաբերում է Ձեր մյուս հայտարարությանը, ապա այո՛, մենք մեր հայտարարություններով ու գործունեությամբ հնարավորինս այս ինստիտուտն արժեզրկել ենք։ Խոսքը նաև ընդդիմության մեր գործընկերների մասին է, որոնք 17 ուժերի հանրահավաքին 18+ հայտարարություններ էին անում։ Նախ մենք պետք է հարգենք մեզ, ապա մյուսներից պահանջենք»,- ասաց նա։
Այսպիսով, Սերգեյ Բագրատյանի ներկայացրած նախագիծը նիստերի օրակարգ չմտավ։ Նախագծին կողմ էր 19, դեմ՝ 45 և ձեռնպահ՝ 17 պատգամավոր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան