Ստրասբուրգում Ռուսաստանի հյուպատոսության աշխատակիցը հեծանիվներ է գողացել ու վաճառել՝ մոտ 100 հազար եվրոյի
Ստրասբուրգում Ռուսաստանի հյուպատոսության աշխատակցին ոստիկանությունը կասկածում էր հեծանիվներ գողանալու և վերավաճառելու մեջ: Ենթադրվում է, որ դրանից նա կարող էր վաստակել ավելի քան 100 հազար եվրո:
Քաղաքի նախկին առաջին փոխքաղաքապետից հեծանիվը գողանալուց հետո ռուսաստանցուն բռնել ու բերման են ենթարկել: Ավելի ուշ նրան ազատ են արձակել, իսկ գողացված ապրանքների վաճառքով զբաղվող մեկ այլ կասկածյալ էլ օգտվել է իր դիվանագիտական անձեռնմխելիությունից: Այս մասին գրում է «Svoboda»-ն՝ հղում անելով «France Bleu» ռադիոկայանին:
40-ամյա ռուսաստանցուն ոստիկանությունը բերման էր ենթարկել փետրվարի սկզբին՝ Ռուսաստանի հյուպատոսության շենքի դիմաց գողացված հեծանիվ վաճառելու փորձի ժամանակ: Այդ հեծանիվը գողացվել էր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի ներկայացուցչության շենքի դիմացից ու պատկանում էր քաղաքային պատգամավոր, քաղաքի նախկին առաջին փոխքաղաքապետ Ալեն Ֆոնտանելին:
Պատգամավորը գովազդային կայքում գտել էր իր գողացած հեծանիվը: Ոստիկանությունը պայմանավորվել էր վաճառողի հետ ու նրան բերման ենթարկել:
Ասվում է, որ վերջինս ՌԴ հյուպատոսության տեխնիկական աշխատակից է: Հաղորդվում է, որ ռուսը դիվանագետներից մեկի մոտ աշխատել է որպես վարորդ: Ֆոնտանելը Facebook-ում գրել էր, որ վաճառողի հետ եղել է թարգմանիչ, որին չեն կարողացել կալանավորել, քանի որ ունեցել է դիվանագիտական անձնագիր:
Դատելով բերման ենթարկված ռուսի գովազդային կայքում դրած տեղեկատվությունից՝ նա արդեն վաճառել է ավելի քան 300 հեծանիվ՝ մոտ 100 հազար եվրոյի: Ենթադրվում է, որ դրանք բոլորը գողացված են: Հյուպատոսական ծառայության աշխատակցին ազատ արձակելուց հետո հարցաքննել չի հաջողվել, քանի որ նա լքել է երկիրը, իբր, առողջական խնդիրների պատճառով: