Առաջարկվում է ապրիլի 19-ը հայտարարել որպես հարկ վճարողի օր
Խորհրդարանը քննարկում է Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փաթեթով առաջարկվում է օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ ներդնել, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքը խրախուսող միջոցառումներ։
«Ներկայումս օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունենալու հանգամանքը հաշվի է առնվում միայն վարկ տրամադրող կազմակերպությունների կողմից։ Իսկ այժմ առաջարկում ենք հարկային վարչարարության շրջանակում օրինապահ հարկ վճարողների համար նախատեսել մի շարք բարելավումներ։ Այսպիսով, օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցողներին ԱՀՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաև յուրաքանչյուր եռամսյակային և նոր փոփոխությամբ արդեն ամսական ԱԱՀ-ի փոխհատուցման ենթակա գումարների մուտքագրումը միասնական հաշվին կկատարվի պարզեցված ընթացակարգով՝ օրինապահ հարկ վճարողի համար մինչև 60 մլն դրամ հայտերի հիման վրա, իսկ մնացած դեպքերում`մինչև 40 մլն դրամ»,- ներկայացրեց նա։
ՊԵԿ նախագահը նշեց, որ նախագծի ընդունումից հետո կառավարության կողմից կսահմանվի օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը։ Իսկ այդ ինստիտուտի ներդրումից հետո կառավարման այլ մարմինները նույնպես կարող են օգտվել օրինապահ հարկ վճարողների մասին տեղեկատվական բազայից։
«Ներկայումս օրինապահ հարկ վճարողներին հավաստագրի տրամադրումը կարգավորված է ՊԵԿ նախագահի համապատասխան հրամանագրով։ Մենք ունենք որոշակի վիճակագրություն 2017-2020 թվականների վերաբերյալ։ Այսպես, 2020 թվականին 2019 թվականի համեմատ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման համար դիմումների քանակն աճել է 89%-ով, իսկ տրամադրված հավաստագրերի քանակն աճել է 50%-ով։ Հարկ է նշել, որ նույն տարում երկու հավաստագիր են ստացել՝ 2017 թվականին 15, 2018-ին՝ 13, 2019-ին՝ 17 և 2020-ին՝ 21 հարկ վճարողներ»,- ասաց նա։
Բացի այդ, ըստ նախագծի առաջարկվում է ապրիլի 19-ը հայտարարել որպես հարկ վճարողի օր։