Պատերազմից հետո Աղավնոյում երեք երեխա է ծնվել
«Բոլոր տնամերձները մշակելու ենք, ե՛ւ այստեղ ապրողների, ե՛ւ գնացածների տնամերձ այգիները մշակված պիտի լինեն: Սկզբունքի հարց է. հեռվից նայելիս անմշակ, չցանված այգի չպետք է երևա»,- Աղավնոյից հաղորդում է գյուղապետը՝ Անդրանիկ Չավուշյանը:
Aliqmedia-ի փոխանցմամբ, նրա ձայնը խառնվում է շինարարության ձայներին. Աղավնոյում այս պահին նաև մանկապարտեզ են կառուցում, գյուղապետը մեկ շինհրապարակում է, մեկ գյուղի սահմանին, որոշել է՝ գյուղն ավելի լավն է լինելու, քան մինչև պատերազմն էր:
Մանկապարտեզը կառուցվոմ է «Արցախ ֆոնդ»-ի ֆինանսավորմամբ, մինչև սեպտեմբեր պատրաստ կլինի, մոտ տասը երեխա կհաճախի նորակառույց մանկապարտեզ: Հայ օգնության միության Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզն էլ գույք կտրամադրի:
Գյուղապետ Չավուշյանը պատմում է, որ պատերազմից հետո Աղավնոյում երեք երեխա է ծնվել։ Ճիշտ է, նախկին մոտ 300 բնակչի փոխարեն գյուղն այժմ 90 բնակիչ ունի, բայց ասում է՝ 90-ով էլ անելու են նույն գործերը, ինչ 300-ով էին անում: «Կարծում եմ՝ եթե մինչեւ հիմա չեն եկել, էլ չեն գա: Ես կոչ չեմ անում, որ գան, քանի որ իմ կոչով չեն գնացել»,- պատերազմի պատճառով գյուղից հեռացածների մասին ասում է գյուղապետը:
Աղավնոյից երեք անհայտ կորած կա, զոհ էլ են ունեցել: Գարեգին Նժդեհի անվան դպրոցը, որ պատերազմում վնասվել էր, նորոգել են. արդեն գործում է, մտադիր են խաղահրապարակ կառուցել, բուժկետ բացել. աշխատուժի կարիք ունեն:
«Կանենք, գիշեր-ցերեկ կաշխատենք, կհասցնենք: Խանութ էլ պիտի բացենք: Ճիշտն ասած՝ ես չէի ուզում խանութ բացել, որ առեւտրի պատրվակով ռուսների հետ ադրբեջանցիները գյուղ չմտնեն: Բայց առանց խանութի չի լինի, բացելու ենք, ուղղակի ասելու ենք, որ միայն ռուսները առեւտուր կարող են անել, ադրբեջանցիների մուտքն արգելված է»,- գյուղի նորություններն «Ալիք մեդիա»-ին ներկայացրել է գյուղապետը:
Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանցիները երկու անգամ փորձել են գյուղին մոտենալ, նույնիսկ մտնել:
«Բայց իրենց վատ բախտից երկու անգամն էլ ես տեղում եմ եղել: Ռուսների հետ եմ կապվում, ասում եմ՝ եկե՛ք, հե՛տ դարձրեք, մի՛ թողեք իմ ձեւով իրենց հետ ուղարկեմ: Ես խաղաղասեր մարդ եմ, եթե խաղաղություն է, եկե՛ք ապրենք խաղաղության օրենքներով: Մեր կողմից խախտում չի լինելու, բայց բոլոր ձեւերով պաշտպանելու եմ գյուղը: Ասում են՝ քսանութ տարի հող ենք պահել, ա՛յ հիմա է հող պահելու ժամանակը»-ասել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղապետ. «Աչքիս դառնում ենք Աղավնոյի պետություն»
- Խաղաղապահների մուտքից հետո զենքերը հանձնելու առաջարկն Աղավնոյում միանշանակ չեն ընդունել
- Աղավնոյի բնակիչ. Կարծես անում են ամեն ինչ, որ մենք լքենք մեր տունը
- Քաշաթաղի ղեկավար. Բերձորում, Աղավնոյում, Ներքին Սուսում բնակչությունը մնում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան