Հիմա, երբ թուրքն ամեն օր մի գյուղ է վերցնում, պետք չէր ռազմական դրությունը վերացնել. Պետրոսյան
«Ես դեմ էի շատ պարզ պատճառով, քանի որ այն ժամանակ, երբ ռազմական դրություն սահմանվեց, դրա հիմքերը չկային, իսկ հիմա, երբ Հայաստանի գլխին պատերազմի վտանգ է կախված, վերացնում ենք»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով ռազմական դրությունը հանելուն։
Նա նշեց, որ սեպտեմբերի 27-ին Հայաստանի սահմաններին վտանգ չէր սպառնում, պատերազմն Արցախում էր, իսկ ռազմական դրության մասին օրենքում հստակ նշվում է՝ ՀՀ սահմանների անվտանգության համար կարող է ռազմական դրություն հայտարարվել։
«Հիմա, երբ թուրքն ամեն օր մի գյուղ է վերցնում, ՀՀ-ի սահմանին է գրոհում, պետք չէր ռազմական դրությունը վերացնել։ Հակառակը, հիմա ամեն ինչ պետք է անել սահմանների անձեռնմխելիությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար»,- ասաց պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանը չհերքեց՝ ժամանակին ինքը դեմ է եղել ռազմական դրությանը, բայց, իր խոսքով, այն ժամանակ իրադրությունն այսպիսին չէր։ Պատգամավորը պնդում է՝ պետք է շատ արագ արձագանքել իրավիճակին։
«Էն ժամանակ դեմ էի, քանի որ հիմքերը չկային, իսկ այս պահին պատերազմի վտանգ կա։ Այս պահին ինձ համար մեր սահմանների անվտանգությունն ավելի կարևոր է, քան ինչ-որ մեկի՝ ընտրությունների միջոցով վերարտադրվելը»,- ընդգծեց պատգամավորը։
Նա հստակեցրեց՝ այն պահից, երբ սկսել է ՀՀ սահմաններին վտանգ սպառնալ, իշխանությունը պետք է իր ամբողջ ուշադրությունն այդ ուղղությամբ սևեռեր։
«Ջանդամ, թե ընտրություն չի լինելու, ինձ անձամբ շատ քիչ է հետաքրքրում արտահերթ ընտրությունը, ինձ համար կան գերակայություններ, և հիմա ամենակարևորը ՀՀ անվտանգությունն է։ Ի՞նչ ընտրություն, ի՞նչ բան։ Ով ձախողել է ամեն ինչ, թող հեռանա, այլ ոչ թե ինքնագլուխ՝ առանց որևէ արարողակարգ պահելու, հայտարարի, թե արտահերթ ընտրություններ են լինելու»,- ասաց նա։
Գևորգ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ նախ Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարեր, թե երբ է հրաժարական տալու, և միայն դրանից հետո պետք է նոր ընտրությունների օր նշանակվեր։
«Հիմա ինքը ժամանակ է շահում, շրջում է մարզերում, և երբ հասկանա, որ աջակցություն չունի, կասի՝ կորոնավիրուսի պատճառով ընտրություններ չենք կարող անցկացնել։ Շատերն են կարծում, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստելու է։ Ընտրություններն այս իշխանությունների համար դարձել են թաշկինակ՝ երբ պետք է օգտագործում են, երբ պետք չէ՝ դեն նետում»,- ասաց նա։
Պատգամավորը նաև հայտնեց, որ կարող է քաղաքականությունից դուրս գա, քանի որ միջավայրն իրեն տհաճ է:
«Հնարավոր է` ես ընդհանրապես չմասնակցեմ ընտրություններին, հնարավոր է՝ դուրս գամ քաղաքականությունից: Ինձ դուր չի գալիս էս ամեն ինչը: Ո՛չ ընդդիմությունն է կարգին քայլ անում, ո՛չ իշխանությունն է կարողանում երկիրը ղեկավարել: Մենք էլ դառնում ենք վատամարդ՝ անընդհատ խոսում, քննադատում ենք: Ինձ համար էս միջավայրը տհաճ է: Ես ԱԺ հաճույքով չեմ գալիս աշխատանքի, բայց քանի որ անցած ուղի ունես, ափսոսում ես արածդ, թե չէ մեծ հաճույքով հիմա դուրս կգամ քաղաքականությունից:
Այստեղ քաղաքականություն չկա, կան անձնական, կորպորատիվ շահեր», - նշեց պատգամավորը:
Նա նաև հայտնեց, թե ում է տեսնում երկրի ղեկավարի պաշտոնում:
«Ես արդեն տվել եմ այդ մարդու անունը, ով իր անցած ուղով, անձնական հատկանիշներով, կապերով կարող է երկիրը հանել այդ վիճակից, այո՛, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է: Ես գաղտնի չեմ խոսում ու գործում ոմանց նման, ինչ մտածում՝ ասում եմ: Այնպես չէ, որ իր կառավարման տարիներն անթերի են եղել, բոլոր մարդիկ երջանիկ են եղել, ոչ, այդպես չէ, բայց այսօր մենք պետք է վեր կանգնենք առավել ցածր արժեքներից ու գերակայությունը տանք բարձր արժեքներին»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը: