«Հրապարակ». ՔՊ-ն ու վարչապետը շատ ցածր վարկանիշ ունեն, և տարբեր խոստումներով էլ նոր աջակիցներ ձեռք բերել չի ստացվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր ԸՕ-ի ընդունման հարցով Փաշինյանը վերջին օրերին քննարկում է ունեցել ոչ միայն իր թիմի հետ, այլև սորոսական ՀԿ-ների, որոնք էլ նրան բացատրել են, որ ճիշտ է՝ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է բոլոր իշխանություններին, բայց ստեղծված իրավիճակում, երբ Փաշինյանն ու թիմը կորցրել են վարկանիշը, հենց իր շահերից է բխում համամասնական ընտրակարգը։ Այս մոդելի դեպքում զգալիորեն կնվազի ընտրողների մասնակցության ցուցանիշը։
Եթե ռեյտինգայինի դեպքում մոտ 1500 թեկնածուն ջանասիրաբար մարդկանց բերելու է քվեարկության՝ աշխատելով իրենց և կուսակցության հաղթանակի համար, ապա համամասնականի դեպքում այդ ակտիվությունը չի լինելու, և մասնակցությունը կրկնակի նվազելու է, իսկ ինչքան քիչ լինի ընտրողների քանակը, այնքան մեծ է շանսը, որ իշխանությունը 50+1 կհավաքի։ Փաշինյանին կարծես հաջողվել է համոզել, հատկապես, որ վերջին օրերի մարզային «այցերի» ու զոնդաժի արդյունքում պարզել են, որ ՔՊ-ն ու վարչապետը շատ ցածր վարկանիշ ունեն, և տարբեր խոստումներով էլ նոր աջակիցներ ձեռք բերել չի ստացվում։
Բայց խաղի կանոնները փոխելու հեռանկարն ընդդիմադիրների մոտ է դժգոհություն առաջացրել։ Մեզ ասացին, որ դեմ են և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Արթուր Վանեցյանը, միայն ՀՅԴ-ն է համամասնականին կողմ։ Հայրենիքի փրկության շարժումը հնարավոր է առաջիկայում հանրահավաքներն ակտիվացնի, և ԱԺ ընդդիմությունն էլ դեմ արտահայտվի իշխանական ԸՕ-ն անցկացնելուն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։