Դուք ինչ-որ ցաքուցրիվ որոշումներով կազմաքանդել եք դատական իշխանությունը. Տարոն Սիմոնյան
«Մենք դատավորների երկու թեկնածուների ընտրությունն էլ կհամարենք դրական, քանի որ նրանք երկուսն էլ լուրջ պրոֆեսիոնալներ են»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցին։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի երկու թեկնածու կա՝ Արմեն Հայկյանց և Արսեն Մկրտչյան։
Տարոն Սիմոնյանի խոսքով, երկու թեկնածուների աշխատանքն էլ պետականության զարգացմանն է միտված եղել։
«Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում վերջին երեք տասնամյակի ընթացքում՝ դատական իշխանության առումով, չի կարելի ասել, որ ազնիվ քայլ է՝ դատական համակարգը կայացնելու առումով, քանի որ տարբեր իշխանությունների պայմաններում յուրաքանչյուրը ձգտել է կազմակերպել դատական իշխանությունն այնպես, ինչպես ինքն է գտել իրեն հարմար։
Եվ ցավոք սրտի, դուք էլ բացառություն չեք, և ձեր մոտ էլ չեմ տեսնում ազնվություն՝ դատական իշխանությունն իրապես կայացնելու համար, և անկախ դատական համակարգ ստեղծելու համար»,- ասաց պատգամավորը։
Ըստ Տարոն Սիմոնյանի, հասարակությունը ևս չի տեսնում իշխանության անկեղծությունը՝ դատական համակարգի բարեփոխումների առումով, քանի որ իշխանությունն իր «անկազմակերպ» քայլերով ոչ թե ուղղել է դատական իշխանության համակարգի կայացման քաղաքականությունը, այլ՝ քաոսի է վերածել այն ամենն, ինչ կազմակերպված էր։
«Դուք քաոսի եք տարել ու չկա կազմակերպվածություն։ Դուք ինչ-որ ցաքուցրիվ որոշումներով կազմաքանդել եք առանց այն էլ վատ վիճակում գտնվող դատական իշխանությունը։ Ես անձամբ հույս չունեմ, որ ձեր իշխանության պայմաններում մենք կարող ենք ինչ-որ ձևով մտածել դատական իշխանության առողջացման մասին»,- նկատեց ԼՀԿ-ական պատգամավորը։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ միգուցե իշխանությունն այդքան էլ մեղավոր չէ, նա գուցե ուղղակի չի հասկանում՝ ինչ է դատական համակարգը։
«Ձեր հավաքական գիտակցությունը չի պատկերացնում դա։ Ես կուզեմ, որ իրոք դա լինի չպատկերացնելու արդյունք, այլ ոչ թե դիտավորություն։ Բայց պետք է խնդրեմ, որ ուղղակի չքանդեք դատական համակարգը, քանի որ ավելի լավ է ունենալ վատ դատական իշխանություն, քան ընդհանրապես չունենալ»,- ասաց Տարոն Սիմոնյանը։
Նա նաև իշխանություններին կոչ արեց՝ ունեցած հնարավորությունը բաց չթողնել, հատկապես այն դեպքում, երբ լավ կադրերը հնարավորություն ունեն մասնավոր սեկտորում աշխատելու։
«Դուք 20 օր առաջ բաց թողեցիք այս թեկնածուներին ընտրելու հնարավորությունը, քանի որ նրանց ներկայացրել էր ձեր կողմից չսիրված ԲԴԽ նախագահը, բա այսօր էլ է նույն մարդը ներկայացրել այդ թեկնածուներին։ Եթե դուք այսօր ընտրեք այս թեկնածուներից որևէ մեկին, կնշանակի, որ դեմ եք գնում ձեր նախկին հայտարարություններին։ Դրա համար հայտարարություններ անելիս մի քիչ ավելի զգուշավոր եղեք, դա է պահանջում պետական մտածողություն ունեցող մարդու վարքագիծը»,- եզրափակեց խոսքը Տարոն Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես միանշանակ կողմ եմ եղել Գերագույն դատարանի գործառույթների իրականացման մոտեցմանը. Արսեն Մկրտչյան
- ԱԺ-ում դատավորներին դասակարգումներ տալուց հետո շատերը կհրաժարվեն դատավոր դառնալու մտքից. Արսեն Մկրտչյան
- «Բուն» բառը խնդիր է ստեղծում դատարան դիմելու մատչելիության վրա.Արմեն Հայկյանց