Պատերազմում վիրավորված մոտ 1000 անձի տրամադրվել է հաշմանդամության կարգ. Առաքելյան
«Պատերազմի հետևանքով վիրավորված մեր զինվորների կարիքների գնահատում կատարվե՞լ է։ Հստակեցվե՞լ է վիրավորների թիվը, նրանցից քանի՞սն է ստացել հաշմանդամության կարգ»,- այսօր խորհրդարանում, դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին, հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այս պահին բժշկա-սոցիալական փորձաքննության գործընթացը դեռ շարունակվում է։
«Սակայն կարող ենք փաստել, որ ավարտման փուլում ենք գտնվում և մոտավոր պատկերն արդեն ունենք։ Ծանր վիրավորում ստացած քաղաքացիների թիվը լինելու է շուրջ 500, խոսքը վերաբերում է առաջին և երկրորդ խմբի հաշմանդամությանը, որից առաջին խմբի հաշմանդամության կարգ ունի մոտ 150 հոգի, իսկ 120-ն ունի պրոթեզավորման կարիք։ Իսկ ավելի թեթև վիրավորում ստացած անձանց թիվը էլի մոտ 500 է։ Այսինքն՝ այս պահին մեր կողմից մոտ 1000 հոգու է տրամադրվել հաշմանդամության կարգ»,- ասաց նախարարը։
Արձագանքելով՝ Կարեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե բժշկա-սոցիալական հետազոտությունն ի՞նչ կարգով է իրականացվում։
Ի պատասխան՝ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ պատերազմի ավարտից հետո այդ մասով նախարարությունն անմիջապես կատարել է պարզեցված գործընթաց։
«Այդ փորձաքննությունը սկսել ենք իրականացնել բուժհաստատություններում՝ հաշվի առնելով նաև այն, որ զինծառայողների զգալի մասն իր բուժումը ստանում է զինվորական հոսպիտալում։ Դա օգնեց, որ գործընթացը բավականին արագ և արդյունավետ լինի»,- ասաց նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են