8 զինծառայող առաջին անգամ քայլեցին ոտքերի պրոթեզներով
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող 8 զինծառայող առաջին անգամ քայլել է ոտքերի պրոթեզներով:
Զինվորի տանն անցկացված միջոցառման ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված պրոթեզավորման ժամանակակից սարքավորումների, պրոթեզավորման մասնագետների և բժիշկների շնորհիվ առաջին արդյունքներն արդեն տեսանելի են:
«Աշխարհի ամենահայրենասեր տղաներն իրենց քայլերն են անելու, ինչը մեծ ուրախություն և հպարտութուն է: Մեր սուրբ պարտքն է տղաներին վերադարձնել սոցիալական կյանք: Պրոթեզավորման գործընթացն իրականացնելու համար ունենք բարձր որակի պրոթեզման համակարգեր և մասնագետներ»,-ասել է ԵՊԲՀ ռեկտորը:
Միջոցառման ժամանակ հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթը ներկայացրել է վիրավոր զինվորների պրոթեզավորման ծրագիրը և նրանց արձանագրած հաջողությունները:
Երևանի պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ տարվա սկզբից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը համալրված է Ottobock գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզներով: Այստեղ յուրաքանչյուր զինվորի հետ անհատական աշխատանք է վարում և հայ մասնագետներին խորհրդատվություն է տալիս հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթը:
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմում վիրավորված մոտ 1000 անձի տրամադրվել է հաշմանդամության կարգ. Առաքելյան
- Զինվորի տանն արդեն մեկնարկել է պրոթեզավորման ծրագրի առաջին փուլը