Ռազմական դրությունը հանվեց. կողմ էր 118 պատգամավոր
Խորհրդարանում քվեարկությունների ժամ է։
Օրենսդիրը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ էր 96, դեմ՝ 1 և ձեռնպահ՝ 17 պատգամավոր։
Խորհրդարանը երկարաձգեց կորոնավիրուսի տարածումը կանխելու, դրա հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև նույն ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը։ Կողմ էր 117, դեմ և ձեռնպահ՝ 1-ական պատգամավոր։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ էր 97, դեմ՝ 1 և ձեռնպահ՝ 19 պատգամավոր։
Ձայների 93 կողմ և 23 ձեռնպահ հարաբերակցությամբ ամբողջությամբ ընդունվեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Հանրագրերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Խորհրդարանը կողմ քվեարկեց նաև ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Կողմ էին քվեարկել 118, դեմ և ձեռնպահ՝ 1-ական պատգամավորներ։
Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Հիրավի, անիմանալի են ճանապարհներն Աստծո»։
Նշենք նաև, որ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:
Կողմ էր 79, դեմ` 36, և ձեռնպահ` 2 պատգամավոր։