Առաջարկվում է, որ միջին մասնագիտական ծրագրով սովորողներին ևս տրվի տարկետման իրավունք
«Առաջարկում ենք միջին մասնագիտական ծրագրով սովորող և պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներին ևս 19 տարեկանը լրանալուց հետո հնարավորություն տալ շարունակելու և ավարտին հասցնելու ուսումը»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, գործող օրենքով տարկետման իրավունքը տրվում է հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորողներին, ինչը խտրական վերաբերմունք է:
«Բացի այդ, առաջարկում ենք նաև վերջին կուրսում սովորողներին զորակոչից առաջ հնարավորություն տալ ուսումն ավարտելու»,- նշեց պատգամավորը։
Նա նկատեց, որ սովորողը, որը միջին մասնագիտական ծրագրերը հիմնականում ստանում է ուսումնարաններում և քոլեջներում՝ դպրոցական ծրագրերի բազայով։
«Եվ պարզապես տարօրինակ կստացվեր, որ սովորողը, ավագ դպրոցի ծրագիրը կիսատ թողներ ու զորակոչվեր բանակ։ Այս տրամաբանությամբ պետք է հնարավորություն տալ, որ վերջին կուսում սովորող ուսանողին տրամադրել տարկետում, որ վերջինս ավարտի ծրագիրը, քանի որ զորակոչից հետո, բնականաբար, միջին մասնագիտական կրթությունը չի շարունակելու»,- ասաց պատգամավորը։