Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի մշակութային ցեղասպանության դադարեցման ուղղությամբ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման փաստը։
«Այսօր BBC լրատվական ծառայության կողմից շրջանառության մեջ դրվեցին տեսանյութեր՝ փաստելով Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որը տեղի է ունեցել շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց հետո: Այդ նույն եկեղեցին Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ արդեն իսկ ենթարկվել էր սրբապղծման:
Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի կողմից կրոնական ատելության հիմքով իրականացված հանցագործության հերթական այս դեպքը։ Միաժամանակ առավել անհանգստացնող է ադրբեջանական ղեկավար շրջանակների կողմից այս բարբարոսությունը հիմնավորելու փորձերը, ինչը ցույց է տալիս, որ վանդալիզմի այս հերթական դրսևորումն ունեցել է միտումնավոր բնույթ և իր կազմակերպվածությամբ հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը:
Վերջին պատերազմից հետո պաշտամունքի վայրի ոչնչացման այս դեպքն առանձին դրվագ չէ: Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի 200 տարուց ավել պատմություն ունեցող «Կանաչ ժամ» եկեղեցու ավերումը փաստում է, որ ադրբեջանական կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը հիմվում է միայն մեկ չափանիշի վրա, և այդ չափանիշը քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ ատելությունն է:
Ի հեճուկս աշխարհին որպես «հանդուրժողականության և բազմամշակութայնության կենտրոն» ներկայանալու ջանքերին՝ Ադրբեջանն առ այսօր ամրագրել է իր դիրքը՝ որպես քրիստոնեական ժառանգության ոչնչացման առաջամարտիկ:
Հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ադրբեջանական իշխանությունների՝ քրիստոնեական մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ հավաստիացումների սին լինելը: Միջազգային հանրությունը պետք է օր առաջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի կողմից նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված և մինչ օրս շարունակվող հանցագործությունների, այդ թվում՝ մշակութային ցեղասպանության դադարեցման և դատապարտման ուղղությամբ»,-նշել է Աննա Նաղդալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեխակավանի ս. Աստվածածին, Շուշիի «Կանաչ Ժամ»-ը եկեղեցիները ավիրելու փաստերը կդարձվեն քննության առարկա
- BBC-ն փաստագրել է․ Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Մեխակավանի Ս. Աստվածածին եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան