Ներազգային ռասիզմի երևույթի մասին բարձրաձայնել եմ, որպեսզի չահագնանա. Ռուբեն Մելիքյան
Արցախցի երիտասարդ աղջիկների նկատմամբ Երևանում ներազգային ռասիզմի գործով նորմալ վարույթ է իրականացվում, անհրաժեշտ գործողությոնները կատարում են, հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ նյութերի նախապատրաստությունը շարունակվում է: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտել է. «Երևանի փողոցներում առանձին մարդիկ իրենց թույլ են տալիս ռասիզմի դրսևորում՝ արցախահայության նկատմամբ։ Երկու երիտասարդ կին, «Յանդեքս» ընկերության տաքսի են պատվիրել և, օգտվելով տաքսի ծառայությունից մի կետից տեղափոխվել են մյուս կետը, ընթացքում խոսել են Արցախի բարբառով։ Տաքսիստը նկատելով անմիջապես կանգնել և դուրս է հրավիրել այդ մարդկանց՝ շատ կոպիտ ձևով, վատ խոսքեր օգտագործելով, ասելով՝ «թողեք գնացեք ձեր Ղարաբաղը»։ Ես շատ մեղմ եմ արտահայտվում, ասվել է ավելի կոպիտ ձևով»:
Ռ. Մելիքյանն ասաց, որ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է ՀՀ ՔՕ 143 –րդ (Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը) հոդվածքով. «Քիչ կիրառվող հոդված է, դատական պրակտիկա առհասարակ չկա այս հոդվածի մասին, բայց այս հոդվածը պետք է աշխատի ներազգային ռասիզմի հետ կապված դեպքերի մասով, ոչ թե կիրառման իմաստով աշխատի, այլ մարդիկ իմանան, որ եթե նման բան անեն, պատասխանատվության կենթարկվեն, դրա համար ՀՀ քրեական օրենսգրքում կա համապատասխան արգելող դրույթ»:
Իրավապաշտպանն ասաց, որ դեռ ժամանակ կա, որպեսզի ոստիկանությունը որոշի՝ հարուցում է քրեական գործ, թե ոչ:
«Մեր նպատակն ամենևին այդ տաքսու վարորդին բանտարկելը չէ, ամենևին այն չէ, որ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվի: Մեր խնդիրն այն է, որ այս դեպքը բարձրաձայնելով՝ հետագայի համար բացառվի: Մեզ կբավարարի այդ մարդու ներողությունը, գիտակցի, որ անթույլատրելի վարքագիծ է»,- ասաց Ռ.Մելիքյանը:
Արդյոք արժեր, թե չարժեր այս դեպքի մասին բարձրաձայնումը:
«Կարող եք ինձ հետ համաձայնվել կամ չհամաձայնվել, բայց հաստատուն համոզմունք ունեմ, որ մեր այս ազգային աղետի բազմաթիվ պատճառներից է նաև այն, որ մենք տարբեր կարևորության սոցիալական խնդիրներ փորձել ենք չբարձրացնել ու լռեցնել հենց ներազգային ռասիզմի հետ կապված հարցերում:
Խնդիրը թաքցնելը նշանակում է խնդրի՝ ավելի մեծ ծավալներ ստանալու լավ հնարավորություն»,- ասաց Ռ.Մելիքյանը:
Նա ընդգծեց՝ շատ ենք սիրել խնդիրները չբարձրաձայնել:
«Ես այս խնդիրը բարձրաձայնել եմ, որպեսզի սա էլ չահագնանա: Սա չի նշանակում, որ շահարկման նպատակ եմ հետապնդում: Բացարձակ»,- ասաց իրավապաշտպանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ներազգային ռասիզմի երևույթը պետք է արմատախիլ անել. Իրավապաշտպան
- Երևանի փողոցներում առանձին մարդիկ իրենց թույլ են տալիս ռասիզմի դրսևորում․ Ռ․ Մելիքյան