Փարիզի Կլիմայական համաձայնագրի ստորագրումից հետո բանկերը 3,8 տրիլիոն դոլար են ներդրել վառելիքի արդյունահանման մեջ
Փարիզի Կլիմայական համաձայնագրի ստորագրումից հետո, հինգ տարվա ընթացքում աշխարհի խոշորագույն 60 բանկ 3,8 տրիլիոն դոլար են ներդրել վառելիքի արդյունահանման մեջ: Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին ասվում է «Banking on Climate Chaos 2021» զեկույցում:
«J.P. Morgan Chase & Co.» բանկը դարձել է վառելիքային հանածոների արդյունահանման ֆինանսավորման առաջատարը: Ըստ մի շարք բնապահպանական կազմակերպությունների, այդ թվում՝ «Rainforest Action Network »-ի հետազոտությունների, այդ ընկերությունը հինգ տարվա ընթացքում հանքարդյունաբերության մեջ ներդրել է 313,74 միլիարդ դոլար: Նրան հաջորդում է «Citigroup Inc.»-ը (237,5 միլիարդ դոլար) և «Wells Fargo & Co.»-ը (223,35 միլիարդ դոլար):
Այնուամենայնիվ, երեք տարի անընդմեջ աճից հետո 2020 թ-ին ոլորտի բանկային ներդրումներն ընդհանուր առմամբ կրճատվել են 9%-ով: Մասնավորապես, «Wells Fargo»-ն անցյալ տարի կրճատեց ներդրումները՝ այն հասցնելով 26,4 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 45,68 միլիարդի փոխարեն:
Դիտարկված բանկերի ցուցակում միակ բանկը, որը 2020 թվականին չի ֆինանսավորել էներգակիրների արդյունահանումը, ֆրանսիական «Credit Mutuel»-ն է: Այս բանկը ոլորտի ֆինանսավորման տեսանկյունից վերջին հորիզոնականում է՝ հինգ տարվա ընթացքում հանքարդյունահանման մեջ ներդնելով ընդամենը 284 միլիոն ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան