«Ժողովուրդ». Սամվել Բաբայանը նպատակ ունի կուսակցություն ստեղծել նաև Հայաստանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա մարտի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում է 91 կուսակցություն: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ այս մասին նշել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Այդ թվի մեջ են մտնում նաև «Ադեկվադ», «Դեմոկրատական այլընտրանք» և «Ազգային օրակարգ» կուսակցությունները, որոնք պետական գրանցման մասին դիմում են ներկայացրել 2020 թվականին և ստացել պետական գրանցում:
Իսկ միայն այս տարի՝ 2021 թվականին, պետական գրանցման դիմում են ներկայացրել «Արդարություն և հայրենիք», Քրիստոնեա-ժողովրդավարական և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները, որոնք ստացել են պետական գրանցում:
Այսինքն՝ Արդարադատության նախարարության պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ մարտի 16-ի դրությամբ Հայաստանում չկա կուսակցություն, որը դիմել է պետական գրանցում ստանալու համար և սպասում է դրան: «Ժողովուրդ» օրաթերթը նաև տեղեկացավ, որ առաջիկայում տեղի են ունենալու մի քանի կուսակցությունների հիմնադիր համագումարներ, օրինակ՝ ապրիլի 23-ին տեղի կունենա «Միասնական Հայրենիք» կուսակցության համագումարը: Նշենք, որ այս կուսակցության սկզբնաղբյուրն արցախյան է, որի նախագահը Սամվել Բաբայանն է, այսինքն՝ վերջինս նպատակ ունի կուսակցություն ստեղծել նաև Հայաստանում և մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Եվ թերևս մինչ այդ այլ կուսակցություններ ևս կդիմեն պետական գրանցում ստանալու համար, քանի որ օրենսդրությունը հնարավորություն է տալիս գրանցում ստանալուց անգամ մեկ օր հետո մասնակցել ընտրությունների: Հավելենք, որ այս պահին պետական գրանցման համար դիմում են ներկայացրել և փաստաթղթերի ուսումնասիրության փուլում են գտնվում 2 կուսակցություններ՝ «Արև» և «Իմ Հայաստան» կուսակցությունները։ Սակայն հետաքրքիր է, որ չնայած այդ 91 կուսակցություններից քչերն են ակտիվ, և շատերը մարդ-կուսակցություններ են, սակայն դա չի խանգարում, որ տարիների ընթացքում նորերը ստեղծվեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: