Բորիս Նավասարդյան. Պատգամավորները ռեպրեսիվ բնույթի օրենսդրական նախաձեռնություններով վրեժ են լուծում լրատվամիջոցներից
Երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախագիծը, ըստ որի եռապատկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը՝ հասցնելով համապատասխանաբար 3 և 6 միլիոն դրամի։ Լրագրողական մի շարք կազմակերպություններ այդ օրինագծի վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով ՀՀ նախագահին չստորագրել այն և ուղարկել Սահմանադրական դատարան՝ որոշելու դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:
Panorama.am-ն այդ փոփոխությունների ու լրատվական դաշտի վրա դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:
Panorama.am-Պարոն Նավասարդյան, առաջարկվող փոփոխություններն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ լրատվամիջոցների վրա:
Բ.Նավասարդյան-Միանշանակ, որևէ դրական հետևանք չի կարող ունենալ, քանի որ այն լեզուն, որն այսօր օգտագործվում է լրատվամիջոցներից, լրագրողների նախաձեռնությամբ չի: Դա տեղափոխվում է լրատվական դաշտ քաղաքական ոլորտից: Այսինքն, այն հարաբերությունները, որոնք կան քաղաքական դաշտում, ուղղակի արտացոլվում են լրատվամիջոցներում, քանի որ արդեն երկար տարիներ լրագրողների աշխատանքում քաղաքականությունը հիմնական թեման է:
Զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության խստացումը ոչ մի բան չի փոխելու, քանի որ այդ նույն լեզուն, ատելության, թշնամության խոսքը շարունակվում է տարածվել, որովհետև, ինչպես նշեցի, այն գալիս է հենց քաղաքական ոլորտից, այն հարաբերություններից, որոնք ստեղծվել են քաղաքական ուժերի միջև:
Չեմ կարծում, որ էականորեն կկիրառվեն այդ խստացումները: Նախորդ տարիների դատական պրակտիկան ցույց է տալիս, որ հին շեմը չի կիրառվել, այսինքն՝ պատիժներ, որոնք ենթադրում էին վիրավորանքի համար 1 միլիոն դրամ, զրպարտության համար 2 միլիոն դրամ, դատավորների կողմից չեն կիրառվել, իսկ դա նշանակում է, որ շեմի բարձրացումը շատ քիչ ազդեցություն կունենա:
Իմ տպավորությամբ, մեր պատգամավորների այդ ռեպրեսիվ բնույթի օրենսդրական նախաձեռնությունները մի տեսակ իրենց է հանգստացնում, որ իրենք, իրենց պատկերացմամբ, երևի վրեժ են լուծում այն լրատվամիջոցներից ու լրագրողներից, որոնցից դժգոհ են, ում աշխատանքը բարենպաստ չի ազդում իրենց գործունեության վրա: Իրենց ձեռքն օրենք փոխելն է, և օրենք փոխելով իրենք մի տեսակ երևի ներքին բավարարվածություն են զգում, նաև մի քիչ իրենց հանգստացնում են, որ անգործ նստած չեն, ինչ-որ բաներ անում են լրատվական դաշտից իրենց պաշտպանելու համար: Այդ կարգի օրենսդրական նախաձեռնություններից այլ էֆեկտ չեմ սպասում:
Panorama.am- Լրագրողական կազմակերպությունները դիմել են Հանրապետության նախագահին՝ չստորագրել օրենքը: Ի՞նչ եք կարծում՝ կստորագրի՞, թե՞ ոչ:
Բ.Նավասարդյան-Դժվարանում եմ ասել, քանի որ ամեն դեպքում լուրջ իրավաբանական վերլուծության կարիք ունի և որքանով այն կարելի է ընկալել Հայաստանի Սահմանադրությանը հակասող, երևի ավելի ճիշտ իրավաբանները կարող են ասել: Բնականաբար, նախագահը կխորհրդակցի իրավաբանների հետ ու համապատասխան որոշում կկայացնի:
Panorama.am-Նախքան նախագիծն Ազգային ժողովում ներկայացնելը, համապատասխան կազմակերպությունների հետ եղե՞լ են քննարկումներ, ներկայացված դիտարկումները, առաջարկությունները հաշվի չի՞ առել նախագծի հեղինակը:
Բ.Նավասարդյան-Կոնկրետ այս նախագծի հետ կապված ես տեղյակ չեմ, որ որևէ փորձագետի հետ քննարկում եղած լինի: Նախաձեռնության մասին հայտարարման առաջին օրվանից բավականին լուրջ քննադատություն է եղել և լրագրողական կազմակերպություններից, և փորձագիտական հանրությունից, բայց դա չի բերել ավելի լուրջ, խորը և պատասխանատու քննարկմանը նախաձեռնողների կողմից:
Միակ բանը, որ արեցին, այդ շեմը մի փոքր իջեցրեցին: Բայց, ընդհանրապես, շեմի շուրջ խոսակցությունները տվյալ իրավիճակում, որ մենք ունենք, անիմաստ էին անկախ նրանից՝ ինչքանով են բարձրացնում, ինչքանով պահպանում եղածը:
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Դոյդոյանը կոչ է անում միջազգային կազմակերպություններին դիրքորոշում արտահայտել Ալեն Սիմոնյանի անորակ նախագածի վերաբերյալ
- Լրագրողական կազմակերպություններն Արմեն Սարգսյանին կոչ են անում չստորագրել նոր ընդունված օրենքը
- Զրպարտության համար մինչև 6, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամ տուգանք. նախագիծն ընդունվեց
- Պարո՛ն Սիմոնյան, դուք արդա՞ր եք զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարի Ձեր նպատակներում. Անի Սամսոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան