Կուսակիցները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք են մատուցում Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 14-րդ տարելիցն է։ ՀՀԿ-ական քաղաքական գործիչները, Մարգարյանի հարազատներն ու ընկերները վաղ առավոտից այցելում են Կոմիտասի անվան Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ նախկին վարչապետի հիշատակին։
Պանթեոնում են նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ նախկին պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Կարինե Աճեմյանը և այլք։
Անդրանիկ Մարգարյանը քաղաքականությամբ զբաղվել է 1965թ -ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973 թ.-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։
Հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից և հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Իր գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման:
1992թ-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված և Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր, 1993-1997 և 1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ:
1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:
2000-2007թթ. եղել է ՀՀ վարչապետ։
2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից: