Գեղամ Ստեփանյանը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Արցախի ԱԺ-ն Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Գեղամ Ստեփանյանին:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ, հաշվիչ հանձնախումբը հայտնեց, որ քվեատուփում առկա 31 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել 1-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 22 «կողմ», 8 «դեմ»:
«Ակնկալում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ գործունեության ընթացքում շատ սերտ համագործակցություն օրենսդիր մարմնի հետ», -ասել է Ստեփանյանը:
Գեղամ Ստեփանյանը իր պաշտոնը ստանձնել է պատգամավորների ներկայությամբ երդում տալուց հետո։
Արձագանքելով Գեղամ Ստեփանյանի ընտրվելուն՝ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրեց Գեղամ Գ. Ստեփանյանին: Անչափ ուրախ եմ, բայց ոչ այնքան Գեղամի, որքան մեր երկրի համար: Որ թեկուզ դժվարությամբ, սակայն բարեկիրթ և ուսյալ արցախցի երիտասարդները կարողանում են իրենց աշխատանքով և օրինակելի պահվածքով ինքնուրույն ճանապարհ հարթել:
Գեղամի ելույթը Աժ ամբիոնից արդեն իսկ կոնկրետ ապացույց է այն իրողության, որ, ի դեմս նրա, մենք ունենք լուրջ պատրաստվածությամբ և մեծ պատասխանատվությամբ երիտասարդ պետական գործիչ և հենց այդպիսի անհատականության կարիք կա մեր օրերում ավելի բարձր հանրային- քաղաքական պահանջարկ ստացած Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Իմ և հազարավոր արցախցիների լավ տրամադրությունը չփոխելու համար չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ նրա թեկնածությանը դեմ քվեարկած մարդկանց, բայց խորհուրդ եմ տալիս լուրջ մտածել իրենց դերակատարության մասին:
Սիրելի Գեղամ, մեր համատեղ աշխատանքն ինձ թույլ է տալիս հույս պահելու փոխարեն համոզված ասել, որ դու հաղջողությամբ ու պատվով ես կրելու այդ առաքելությունը՝ պահելով նախկինում այդ պաշտոնի հանդեպ ձևավորված վստահությունը և ավելացնելով այդ կոչման հանդեպ մեր քաղաքացիների հիմնավոր սպասումները: Շնորհավորում եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան