Բենզինի բարձր գնաճը չունի առարկայական հիմնավորում. Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը հերթական հոդվածն է հրապարակել.
«Նախ փաստենք՝ մեր երկրում 2020թ․ սկիզբ առած գնաճի բարձր տեմպն առաջանցիկ ավելանում է 2021թ․։
Մասնավորապես, պաշտոնական վիճակագրության համաձայն (աղբյուրը՝ https://www.armstat.am/file/article/cpi_12_2020-arm.pdf, https://www.armstat.am/file/article/cpi_02_2021-arm.pdf)․
- 2020թ․ դեկտեմբերին՝ 2019թ․ դեկտեմբերի համեմատ սպառողական գները միջինում աճել են 3,7 տոկոսով, իսկ միայն սննդամթերքինը՝ 5,5 տոկոսով,
- 2021թ․ հունվարին՝ 2020թ․ հունվարի համեմատ սպառողական գները միջինում աճել են 4,5 տոկոսով, սննդամթերքինը՝ 6,8 տոկոսով,
- 2021թ․ փետրվարին՝ 2020թ․ փետրվարի համեմատ սպառողական գները միջինում աճել են 5,3 տոկոսով, սննդամթերքինը՝ 7,9 տոկոսով։
Նման տեմպով 2021թ․ առաջին կեսին սպառողական գների ինդեքսն արդեն կրկնակի չափով կարող է գերազանցել Կենտրոնական բանկի սահմանած թիրախը։
Գնաճի ահագնացող այս տեմպը՝ ինքնին վերցված, լուրջ սպառնալիք է մեր երկրի սոցիալ-տնտեսական առնվազն կարճաժամկետ զարգացման համար։ Ավելին՝ մեր գնահատումներով վերը նշված ժամանակահատվածներում առաջին անհրաժեշտության ապրանքների միջին գնաճը շուրջ 2 անգամ գերազանցել է սննդամթերքի ընդհանուր գնաճի ցուցանիշները։
Ստորև՝ ամփոփ անդրադառնամ 2020-2021թթ․ վառելիքի շուկայում արձանագրվող գնային փոփոխություններին և ՏՄՊՊՀ-ի ընթացիկ ուսումնասիրության արդյունքներին։
1. Պաշտոնական վիճակագրության համաձայն (աղբյուրը՝ https://www.armstat.am/file/article/cpi_12_2020-arm.pdf) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2020թ․ հունվարին և փետրվարին Հայաստանում բենզինի իրացման գներն աճել են համապատասխանաբար՝ 1,2 և 0,8 տոկոսներով, երբ կայուն էր ՀՀ դրամի փոխարժեքը, իսկ 2019թ․ միջազգային շուկաներում վերջից արդեն արձանագրվում էր բենզինի գների էական նվազում։
2. Փաստորեն, Հայաստանում բենզինի իրացման գնի նվազում արձանագրվեց էական ուշացումով՝ 2020թ․ մարտից և իր պիկին (-31,8 տոկոս) հասավ հունիսին։ Դրանից հետո յուրաքանչյուր ամիս՝ նախորդ ամսվա համեմատ բենզինի գինը շարունակաբար աճել է՝ ի հեճուկս միջազգային շուկաներում արձանագրվող միտումների։ 2020թ․ հունվար-հունիսին բենզինի իրացման գնի նվազման միջին տեմպը անգամներով զիջել էր միջազգային շուկաներում բենզինի գների նվազման միջին տեմպին։
3. ՏՄՊՊՀ-ն ընթացիկ ուսումնասիրության է ենթարկել միայն 2020թ․ դեկտեմբեր և 2021թ․ հունվար ամիսներին բենզինի գների փոփոխությունները (աղբյուրը՝ http://www.competition.am/index.php?page=&menu=174&newsID=1734&lng=1)։ Պետական այս մարմինը վառելիքի շուկայում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումներ չի հայտնաբերել, իսկ այդ ժամանակահատվածում արձանագրված գնաճը պայմանավորել է ներկրվող բենզինի ձեռքբերման գների բարձրացմամբ և ՀՀ դրամի արժեզրկմամբ։ Մասնավորապես պարզել են, որ ՌԴ-ից ձեռքբերվող բենզինի գինը նախորդ ամսվա համեմատ բարձրացել է 5 տոկոսով 2020թ․ դեկտեմբերին և 10 տոկոսով էլ 2021թ․ հունվարին։ 2020թ․ դեկտեմբերից մինչև 2020թ․ մարտն ընկած ժամանակահատվածում ՀՀ դրամն արժեզրկվել է շուրջ 4 տոկոսով։
4. Պաշտոնական վիճակագրության համաձայն բենզինի իրացման գինը 2020թ․ դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 4,1 տոկոսով, իսկ 2021թ․ հունվար-փետրվարին՝ 5,4 տոկոսով (աղբյուրը՝ https://www.armstat.am/file/article/cpi_02_2021-arm.pdf)։ 2021թ․ մարտին բենզինի իրացման գինը աճել է ևս շուրջ 10 տոկոսով։
5. Փաստորեն, 2021թ․ բենզինի ներմուծման գնի աճը և ՀՀ դրամի արժեզրկումը միասին կազմել են շուրջ 14 տոկոս, իսկ ներքին շուկայում բենզինի իրացման գինն աճել է ավելի բարձր տեմպով՝ շուրջ 15,4 տոկոս։
Ստացվում է, որ ներքին շուկայում բենզինի իրացման գնի հնարավոր աճի գործոններին Հայաստանի ներքին շուկան արձագանքում է անմիջապես և ավել չափով։ Նույն շուկան գնի նվազման իրական գործոններին արձագանքում է տևական ժամանակ ուշացումով, անհամեմատ պակաս չափերով և տևողությամբ։
Բացասական այս միտումը պայմանավորված է մեր երկրում վառելիքի շուկայի պահպանվող մենաշնորհացման բարձր աստիճանով, երբ բենզին շարունակում են ներկրել և ներքին շուկայում իրացնել 3-4 կազմակերպություններ։
Հետևաբար, առարկայական չեն ՏՄՊՊՀ-ի կողմից պարբերաբար ներկայացվող այն տեսակետը։ Բենզինի իրացման գների աճը փորձում են բացատրել նաև ներկրված բենզինի առավել մատչելի խմբաքանակների ավարտով և նոր՝ առավել թանկ գնով ձեռքբերված խմբաքանակների իրացմամբ: Իրական հիմքերի առկայության դեպքում բենզինի գնանկման բացակայությունը կամ անհամարժեքությունն էլ փորձում են բացատրել իբր թանկ գնով նախկինում ձեռքբերված խմբաքանակների առկայությամբ և դրանց վաճառքով։
Իրավիճակը համակողմանի գնահատելու նպատակադրման տեսանկյունից խնդրահարույց է նաև այն, որ ՏՄՊՊՀ-ի կողմից բենզինի շուկայի ուսումնասիրության ժամանակահատվածը չի ներառել 2020թ․ առաջին կիսամյակը, երբ առկա էին բենզինի գնանկման իրական հիմքեր։
ՏՄՊՊՀ-ի կողմից ուսումնասիրության առարկա պետք է դառնա նաև 2021թ․ ի հայտ եկած մի նոր երևույթ։ Բենզինի շուկայում հիմնական խոշոր մատակարարներից մեկի սեփականատիրոջ փոփոխությունը հանգեցրել է ներքին շուկայում իրացման գների էական շեղումների։ Օրինակ՝ շուկա մտած նոր սեփականատերը մյուսների համեմատ շուրջ 10 տոկոսով էժան գնով է վաճառում 92 օկտանային թվով բենզինը։
Այս նոր երևույթը լիարժեք գնահատելու տեսանկյունից առաջանում են առարկայական առնվազն հետևյալ հարցերը․
«Հայաստանում բենզինը հիմա վաճառվում է դենպինգո՞վ, թե՞ գերշահույթով։ Արդեն փոխվել է՞ բենզինի ներկրման աշխարհագրությունը տարածաշրջանի ապաշրջափակմանն ու թշնամի հարևան երկրների հետ տնտեսական ինտեգրմանն ուղղված՝ իշխանական խմբակի հայտարարությունների ֆոնին։ Օրինակ՝ Ադրբեջանից ներկրվում է՞ բենզին»»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչու է 32-դրամանոց բենզինը Հայաստանում վաճառվում տասնյակ անգամ թանկ գնով
- Պետությունը՝ կառավարությունն ու դրա ղեկավարը, գնաճի զսպման հարցում անգործության են մատնվել. Թաթուլ Մանասերյան
- ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա դեռևս շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն
- 2020 թ-ի տնտեսական անկումը կկազմի 7.8 տոկոս. ԿԲ ակնկալիքը
- Սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.7%՝ ընդհուպ մոտենալով թույլատրելի 4 %-ի շեմին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան