«Ժողովուրդ». Միջազգային փոխադրումներ կատարող վարորդների միջին շաբաթական վարելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել 48 ժամը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ, որը քննարկվելու է Ազգային ժողովում: Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, ըստ որի՝ միջազգային փոխադրումներ կատարող մեքենաները պարտադիր պետք է ունենան թվային տախոգրաֆ:
Ավելին, նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի և աշխատանքի ժամանակահատվածները, թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաներում: Ի դեպ, օրական վարելու ժամանակահատվածը չպետք է գերազանցի 9 ժամը: Օրական վարելու ժամերը կարող են տևել մինչև 10 ժամ, բայց ոչ ավելի, քան շաբաթվա ընթացքում երկու անգամ:
Իսկ միջին շաբաթական վարելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել 48 ժամը, շաբաթվա առավելագույն վարելու ժամանակահատվածը կարող է երկարաձգվել մինչև 56 ժամ, յուրաքանչյուր քսանչորս ժամվա ընթացքում ավտովարորդը պետք է ունենա առնվազն 11 անընդմեջ ժամ ամենօրյա հանգիստ, որը կարող է կրճատվել մինչև առնվազն 9 անընդմեջ ժամի, մեկ շաբաթվա ընթացքում՝ ոչ ավելի, քան երեք անգամ:
Արդյոք կհամաձայնեն վարորդները այս պահանջներին՝ ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ հայտնի է, որ վարորդները գումար աշխատելու նպատակով անգամ անքուն գիշերներ են անցկացնում ղեկին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: