«Հրապարակ». Ովքեր են գլխավորելու քաղաքական ուժերի նախընտրական շտաբները
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև արտահերթ ընտրությունների հարցը դեռ անորոշ է, բայց քաղաքական դաշտում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որոշ ուժեր անգամ նախընտրական շտաբների ղեկավարների հարցում են կողմնորոշվել։ Իշխող ուժի նախընտրական շտաբը, ինչպես 18-ի ընտրություններում, ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, մարզերում աշխատանքների մասով շտաբի աշխատանքները կոորդինացնելու է նաև շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Գագիկ Ծառուկյանը որոշել է այդ գործը կրկին վստահել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին։
Եթե Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը որոշի միայնակ մասնակցել ընտրություններին, հնարավոր է, որ նախընտրական շտաբի աշխատանքները համակարգի Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, ով նմանատիպ փորձ ունի՝ ԲՀԿ-ի շտաբն է 2012-ին և 2017-ին ղեկավարել։
«Լուսավոր Հայաստանում» դեռ վերջնական որոշում չկա, բայց մեծամասնությունը կողմ է նախորդ ընտրություններում փորձառություն ձեռք բերած Դավիթ Խաժակյանի թեկնածությանը՝ որպես շտաբի պետի։
Քոչարյանի թիմը, որոշ տեղեկություններով, բանակցում է Հովիկ Աբրահամյանի հետ, ով այս հարցում, կարելի է ասել, մրցակիցներ չունի և կազմակերպչական հարցերում անփոխարինելի է։
ՀՀԿ նախընտրական շտաբը 2018-ին Դավիթ Հարությունյանն էր ղեկավարում, հիմա նա գրեթե սառեցրել է ՀՀԿ-ի հետ շփումները, շտաբի ղեկավարի թեկնածուների շարքում է Գալուստ Գրիգորիչի որդին՝ Արման Սահակյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: