ԱԳ նախարարի տեղակալը տեսակապով զրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավարի հետ
Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավար Նիկոլա Կասիանիդեսի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության հարցին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից փաստահավաք առաքելություն Արցախ ուղարկելու կարևորությանը:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հրատապությունը՝ հաշվի առնելով հայկական հուշարձանների դիտավորյալ ոչնչացման, դրանց սրբապղծման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական քայլերը։ Արտակ Ապիտոնյանն անդրադարձավ հայկական մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսևորումներին: Մասնավորապես, նշվեց, որ այսօր համացանցում BBC լրատվական ծառայության կողմից շրջանառվել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ Մեխակավան բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնովին ավերվել է:
Անդրադառնալով փաստահավաք առաքելության նախապատրաստական աշխատանքներին՝ ԱԳ նախարարի տեղակալը խիստ մտահոգություն հայտնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավմանը խոչընդոտելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության առնչությամբ:
Ընդգծվեց, որ առաքելությունը շահարկելու և անհարկի քաղաքականացնելու Ադրբեջանի փորձերը բոլորովին անընդունելի են: Շեշտվեց առաքելությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից ի սկզբանե հայտարարված և 1954թ․ Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության միջկառավարական կոմիտեի հայտարարությունում վերահաստատված ձևաչափով անցկացնելու կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։:
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի մշակութային ցեղասպանության դադարեցման ուղղությամբ. ԱԳՆ
- ՄԻՊ. Ադրբեջանի կողմից եկեղեցու ավերումը ևս մեկ ապացույց է՝ հայերի նկատմամբ տեղի են ունեցել էթնիկ զտումներ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողով․ Ադրբեջանն հայկական հուշարձանները ոչնչացնում է ԴԱԵՇ-ի ոճով
- ՀՀ ԱԳՆ․ Հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան