Եթե ինձանից գործ վերցնեն, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ. դատավոր Դավիթ Հարությունյան
«Նշանակման օրվանից փորձել եմ և աշխատում եմ դատավորի երդմանը համապատասխան, որևէ ճնշում ինձ համար նշանակություն չունի»,- Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ճնշումներ լինո՞ւմ են իր վրա որոշումներ կայացնելիս։
Նա նշեց, որ ճնշումներ, բնականաբար կարող են լինել, լինում էլ են, սակայն իր դեպքում այնպիսի ճնշումներ, որոնց համար անհրաժեշտ լինի հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, դիմել ԲԴԽ, չի եղել։
«Ինձ անձամբ երբեք չեն փորձել ճնշել»,- ասաց դատավորը։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ԲԴԽ-ին լրացուցիչ լիազորություններով օժտելը, Դավիթ Հարությունյանն ասաց. «Լրացուցիչ լիազորությունների հետ կապված, չեմ կարծում, թե այդ նախագծի հեղինակները խորը իրավաբանական գիտելիքներ ունեն կամ առնվազն հետազոտություն են իրականացրել այդ նախագիծը կազմելիս։ Ոչ միայն ես, գրեթե բոլոր գործընկերներս համակարծիք են այդ հարցում, նաև փաստաբանները։
Ձևակերպումը մնաց, որ մինչև դատաքննության փուլ մտած գործերը կարող են փոխանցվել այնպիսի դատավորների, ովքեր երևի թե ի վիճակի են կամ հմտություններ ունեն առավել բարդ գործեր քննել: Առավել բարդ գործեր քննելու կատեգորիա, տարանջատումը մեկնաբանման չի դիմանում, որևէ քննադատության չի դիմանա, թե դա ինչ բնորոշում ու դասակարգում է՝ որևէ մեկին հայտնի չէ:
Եթե ուժի մեջ մտնի այդ դրույթը, ես չեմ հավատում, թե ԲԴԽ-ն երբևէ կարող է այդ ձևակերպմանը համապատասխան դատավորներին տարանջատել՝ թեթև գործեր քննող դատավորներ, առավել բարդ գործեր քննող դատավորներ: Գործերի նման տարանջատում միջազգային ու ներպետական պրակտիակայում երբևէ չեմ լսել»։
Նա ասաց, որ եթե այսօրվա պայմաններում որևէ պաշտոնյա կամ Բարձրագույն դատական խորհրդի խորհուրդ, դատարանի նախագահ նման պահանջ ներկայացնի, թե քո վարույթում քննվող դատական գործը պետք է փոխանցի մեկ այլ դատավորի, հանցագործություն է. «Հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ, եթե ինձանից վերցնեն։ Դատավորից գործ վերցնելը փոխանցելիության միջամտություն է:
Իսկ այն, որ փորձեն այդ երևույթին օրենսդրական տեսք հաղորդել, եթե անգամ ուժի մեջ մտնի, չեմ համաձայնվի»։
Հարակից հրապարակումներ`
- ԳՇ պետի հայցադիմումը հետ է վերադարձվել՝ հայցատեսակի ոչ ճիշտ լինելու պատճառով. դատավոր
- «Ցանկացած իշխանություն էլ փորձելու է որոշակի ազդեցություն ունենալ, բայց դատավորը հենց ինքը պետք է դրանից հեռու մնա»
- ԲԴԽ լիազորություններն ընդլայնող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
- «Մնում է հասկանալ՝ ով է լինելու ԲԴԽ ձեր սրտի նախագահը, որ այս սև գործը կատարելու է դատարանների նկատմամբ»