«Հրապարակ». Ցանկացել են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք կորզել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն զինված ուժերի գնդապետին 6 ամիս կալանքի տակ պահելով՝ ցանկացել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք կորզել, սակայն չի հաջողվել, ստիպված են եղել սուսուփուս բաց թողնել։
Խոսքը ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի բաժնի պետ Վահան Ավետիսյանի մասին է, որին ԱԱԾ-ն կալանավորել էր՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի հետ կապված քրեական գործով: Մասնավորապես, գնդապետից ցանկացել են կորզել, թե Սերժ Սարգսյանը ՏՈՐ հակաօդային զենիթահրթիռային համակարգեր է ձեռք բերել և «ատկատ» ստացել դրա դիմաց։
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հասցեին, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր, որ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ:
Հիշեցնենք նաև, որ Վահան Ավետիսյանն ապրիլի 3-ին կալանավայրից բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին և ասել, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի և նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում: Ըստ Ավետիսյանի, վերջիններս խոչընդոտում են իր գործունեությունն ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովում:
Ավետիսյանը, զինված ուժերից զորացրվելուց հետո, որպես փորձագետ՝ աշխատանքի էր անցել քննիչ հանձնաժողովում:
Նշենք, որ այս քրեական գործի ընթացքի վերաբերյալ ոչ մի բան հանրությանը դեռևս իրավապահները չեն հայտնել։ Վահան Ավետիսյանի պաշտպանը ևս հրաժարվեց պարզաբանումներ տալ՝ ասելով, որ գործը պետական գաղտնիքի անվան տակ է քննվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան