Խնդրեցինք դեսպանատանը, որպեսզի ապահովեն մեր անվտանգությունը. Մոսկվայի ցուցահանդեսում հայկական պատվիրակության ղեկավար
«Քանի որ մի փոքր անհանգիստ էինք ստեղծված իրավիճակից, խնդրեցինք դեսպանատանը, որպեսզի ապահովի մեր անվտանգությունը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի Մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անի Արևշատյանը՝ ներկայացնելով մարտի 16-18-ը Մոսկվայի զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին հայկական պատվիրակության մասնակցության ընթացքը:
Նա նշեց, որ ցուցահանդեսը ԱՊՀ երկրներում ամենախոշոր միջոցառումն է, որն անցկացվում է ամեն տարի և միայն 2019 թվականին ունեցել է 22 հազար այցելու:
Անի Արևշատյանը հայտնեց, որ այս տարի Հայաստանը ցուցահանդեսին 20 զբոսաշրջային ընկերությունների 31 մասնակցով մեկ միասնական տաղավար է ներկայացրել, որը եղածներից ամենաշատ ներկայացուցիչներն է ունեցել:
Նրա խոսքով՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը մեծ աջակցություն է ցուցաբերել հայկական պատվիրակությանը, գեղեցիկ հայկական անկյուն է նախապատրաստել, որտեղ եղել են հայկական տարազով աղջիկ և տղա, որոնք այցելուներին գրավել են դեպի տաղավար:
Անի Արևշատյանը հիշարժան համարեց հայկական տաղավարին «Ռոստուրիզմ»-ի նախագահ Զարինա Դագուզովայի այցելությունը և տեղեկացրեց, որ ցուցահանդեսի ժամանակ առանձին հանդիպումներ են ունեցել տարբեր պետությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ բարձրաձայնվել է ավիաչվերթների վերականգնման խնդիրը և տարբեր միջոցառումների անցկացման պայմանավորվածություն են ձեռք բերվել:
«Այսպես, պատվով ներկայացրինք մեր երկիրը և վերադարձանք»,- նշեց Անի Արևշատյանը:
Ցուցահանդեսին մասնակցած մասնավոր զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Անահիտ Այվազյանը հայտնեց, որ մեծ հետաքրքրություն է եղել հայկական տաղավարի հանդեպ և Ռուսաստանի բոլոր մարզերից ունեցել են հարցումներ, քանի որ այդ վայրերից չվերթներն ավելացել են և միայն Մոսկվայից շաբաթական 4-6 թռիչք կա:
Նրա խոսքով՝ ռուսական զբոսաշրջային ընկերությունների հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ արդեն Մոսկվայից վերադարձի ճանապարհին էլեկտրոնային հասցեներին դիմումներ են ստացել հնարավոր այցերի վերաբերյալ: Հայկական տաղավարի այցելուները հետաքրքրված են եղել անհատական, խմբակային, էքստրեմալ և կորպորատիվ տուրերով:
Մասնավոր զբոսաշրջային մեկ այլ ընկերություն ներկայացնող Եղիշե Թանաշյանն էլ հայտնեց, որ իրենց խնդիրը ՌԴ զբոսաշրջային շուկայում Հայաստանի իմիջի պահպանումն է եղել, որը հայկական ընկերությունների ամենամեծ թիրախային երկիրն է: