Չինաստանն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը Սինցզյանգի հարցում
Չինաստանի արտգործնախարար Վան Ինը հույս է հայտնել, որ Թուրքիան կշարունակի աջակցել Չինաստանին Սինցզյանգի հետ կապված հարցերում:
«Սինցզյանյանի հիմնախնդրի էությունը բռնության և անջատողականության դեմ պայքարն է: Հուսով ենք, որ թուրքական կողմը կշարունակի հասկանալ և աջակցել Չինաստանին՝ հիմնական շահերն ու հիմնական մտահոգությունները շոշափող հարցերում»,- Անկարա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ասել է Վան Ինը: Չինաստանի արտգործնախարարության կայքում հրապարակված տեղեկությունը ներկայացրել է «Ինտերֆաքս»-ը:
Ավելի վաղ ԵՄ-ն Չինաստանի դեմ պատժամիջոցներ էր սահմանել՝ վկայակոչելով ՉԺՀ Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում Պեկինի կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը:
Չինացի դիվանագետը նշել է, որ Պեկինը պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ` փոխվստահության ամրապնդման, փոխշահավետ համագործակցությունը խորացնելու և չին-թուրքական ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Չինաստանը սատարում է Թուրքիայի անկախության քաղաքականությանը, հարգում է սոցիալական համակարգը, տնտեսական մոդելը և զարգացման ուղին, որն ընտրված է իր իսկ ազգային առանձնահատկություններին համապատասխան: Նա նաև հրավիրել է թուրք մարզիկներին մասնակցելու Պեկինի 2022-ի ձմեռային օլիմպիական խաղերին:
Ըստ Չինաստանի արտաքին գործերի նախարարության՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան աջակցելու է «Մեկ Չինաստան» սկզբունքին, երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու հանձնառություն է ստանձնել և շեշտել, որ «Թուրքիան չի մասնակցի հակաչինական գործողություններին, թույլ չի տա բռնություններ Չինաստանի դեմ իր իսկ տարածքում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱԳ նախարարները կողմ են արտահայտվել երկու երկրների տնտեսական և մշակութային համագործակցության խորացման, քաղաքական կապերի ամրապնդմանն ուղղված գործողությունները համակարգելու համար տարբեր մեխանիզմների օգտագործմանը: