Զալկալիանի․ Վրաստանը դեմ է «3+3» պլատֆորմին ու առաջարկում է նորը՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ասել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր չէ աշխատել Լեռնային Ղարաբաղի շուրջ կարգավորման համար տարածաշրջանային համատեղ հարթակում: Նա առաջարկել է նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան։ Այս մասին գրում է apsny.ge-ն։
«Մենք չենք դիտարկում ոչ մի պլատֆորմ Ռուսաստանի հետ, որը գրավել է մեր տարածքները (Թբիլիսին մեղադրում է Մոսկվային Աբխազիան և Հարավային Օսիան 2008-ի պատերազմից հետո գրավելու մեջ)», - ասել է Զալկալիանին մամուլի ասուլիսում:
Ըստ նրա, Վրաստանի համար անընդունելի է Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ առաջարկվող «3+3» պլատֆորմը:
«Մենք ցանկանում ենք ներգրավվել կարգավորման գործընթացներում: Մենք առաջարկում ենք նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան. Հայաստան: Թբիլիսին՝ որպես երկխոսության վայր` միջազգային գործընկերների մասնակցությամբ։ Վրաստանն այս տարածաշրջանում Արևմուտքի միակ և ամենավստահելի գործընկերն է», - ասել է Զալկալիանին:
Նախարարը նաև ասել է, որ Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը, որն առաջացել է երկրի խորհրդարանի ընդդիմության մեծ մասի բոյկոտի պատճառով, «ջուր է լցնում ռուսական ջրաղացին»:
«Վրաստանում խորը ճգնաժամը նույնպես անընդունելի է, քանի որ տարածաշրջանում կան նոր աշխարհաքաղաքական իրողություններ, և ակնհայտ է ռուսական ռազմական ներկայության աճը», - ասել է վրացական դիվանագիտության ղեկավարը:
Նշվում է, որ մարտի սկզբին հայտնի դարձավ, որ Վրաստանը չի ցանկանում մասնակցել Թուրքիայի կողմից առաջարկված «3+3» տարածաշրջանային ձևաչափին՝ Ռուսաստանի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան