Դինքի սպանության գործով երեք թուրք բարձրաստիճան սպա դատապարտվել են ցմահ ազատազրկման
Թուրքիայի ոստիկանության երեք նախկին բարձրաստիճան սպաներ ցմահ ազատազրկման են դատապարտվել 2007-ի հունվարին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար: Anadolu գործակալության տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ըստ մեղադրական եզրակացության, Դինքի սպանության մեջ ներգրավված է եղել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որը Թուրքիայում անվանում են FETO և այն համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Հեռակա կարգով մեղադրանքներ են ներկայացվել նաև Գյուլենի դեմ, որն ապրում է ԱՄՆ-ում:
Գործակալության տվյալներով ՝ Ստամբուլի դատարանը Դինքի սպանությունը նախապատրաստելու մեջ մեղավոր է ճանաչել և ցմահ ազատազրկման դատապարտել Թուրքիայի Տրապիզոն նահանգի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի ոստիկանության վարչության հետախուզական վարչության ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերին և Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական վարչության պետ Մուհարեմ Դեմիրքալեին: Տրապիզոնի նահանգի ժանդարմերիայի նախկին պետ Ալի Օզը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման: Լրագրող էրջան Գյունը, որը մեղադրվում էր FETO-ին անդամակցելու մեջ, ստացել է տասը տարվա ազատազրկում:
Մեղադրյալներից մի քանիսն արդարացվել են:
Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին իր թերթի Ստամբուլի գրասենյակի շեմին՝ 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից: Ոստիկանությունը Սամասթին ձերբակալեց հանցագործության հաջորդ օրը, իսկ 2011 թ.-ին դատարանի կողմից նա դատապարտվեց 22 տարի 10 ամիս ազատազրկման: Դինքի սպանությունը լայն արձագանք ստացավ Թուրքիայում:
Նրա հուղարկավորությունը վերածվեց բազմահազարանոց բողոքի ակցիայի, որին մասնակցում էին մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տեղական մամուլը բազմիցս առաջ է քաշել այն վարկածը, որ ուլտրանացիոնալիստական ուժերը ներգրավված են եղել Դինքի սպանության մեջ, իսկ իրավապահ մարմինները ցուցաբերել են անփութություն`չձեռնարկելով հանցագործությունը կանխելու միջոցներ, չնայած նրանք գիտեին այդ մասին:
Գործի քննության ընթացքում Ստամբուլում և Տրապիզոն նահանգում ոստիկանության մի շարք պաշտոնատար անձինք հեռացվեցին իրենց պաշտոններից: 2015-ի հունվարին Ստամբուլի դատարանը Դինքի գործով ձերբակալման հրաման էր արձակել Տրապիզոնի ոստիկանության երեք սպաների նկատմամբ, ովքեր մեղադրվում էին ծառայողական պարտականությունները պատշաճ մակարդակով չիրականացնելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան