Հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահները
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը անդրադարձել է մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստին.
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը:
Թե´ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական»։