Արցախից գաղթածները շատ բարդ վիճակում են. Իրինա Ծատուրյան
«Արցախից գաղթածների հետ աշխատելիս պարզում ես, որ նրանք էմոցիա չունեն՝ ո՛չ ուրախանում են, ո՛չ տխրում, շատ բարդ վիճակում են»,- ասուլիսում հայտարարեց հոգեբան Իրինա Ծատուրյանը՝ ներկայացնելով Սաղմոսավանքի Հայորդաց տանը հանգրվանած արցախցիների հետ իր հանդիպումներից ստացած տպավորությունները:
Հայտնելով, որ Արցախից գաղթածների մի մասի վերադարձից հետո հայորդաց տանը մնացել են միայն Շուշիից ու Հադրութից եկածները՝ հոգեբանը շեշտեց, որ երբ իր հոգեբան ամուսնու հետ գնում են նրանց հետ հանդիպման, իրենց վիճակից չեն խոսում, քանի որ ոչ մի դրական շարժ չկա:
Ըստ Ծատուրյանի, գաղթականների այդ վիճակը կարող է ագրեսիվություն առաջացնել նրանց մի մասի մոտ, որը դրսևորվի հայաստանաբնակ հայի հանդեպ և նույն վերաբերմունք էլ լինի նաև մյուս կողմից:
Դրա համատեքստում անդրադառնալով հայաստանցի-արցախցի տարանջատման երևույթներին՝ հոգեբանը հայտարարեց, որ միմյանց նկատմամբ ատելության դրսևորումները եզակի են:
Իրինա Ծատուրյանի խոսքով՝ շատ դեպքերում կոշտ դրսևորում կարող է լինի Արցախից գաղթածների մոտ, քանի որ, եթե մարդու նվազագույն կարիքները բավարարված չեն, ապա նա դառնում է ագրեսիվ:
Նա պնդեց, որ նույն հոգեվիճակը կարող է լինել և՛ հայաստանցիների, և արցախցիների մոտ և պատմեց, որ 90-ականների սկզբին, երբ և՛ Հայաստանի բնակիչների վիճակն էր վատ, և՛ շատ վատ վիճակում գալիս էին Բաքվի և Սումգայիթի փախստականները, այն ժամանակ էլ նման դրսևորումներ եղան, ինչն ընդհանուր բնույթ չունի:
«Սա որերորդ դեպքն է, որ պետությունն իր գործը հավուր պատշաճի չի կատարում և մարդիկ դուրս են գալիս իրար դեմ»,- հայտարարեց Իրինա Ծատուրյանը:
Անդրադառնալով ռուսերենին երկրորդ լեզվի կարգավիճակ տալու ԱՀ ԱԺ որոշմանը՝ հոգեբանը նկատեց, որ դա խոսում է այն մասին, որ սկսվել են պրոցեսներ, որոնք չենք կարող կանգնեցնել, ինչպես՝ շատ այլ բաներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում