Հույս ունեմ, որ կլինի կոնսենսուս՝ վերահսկելու գյուղապետի կամ ԺԵԿ-ի պետի կողմից վարչական ռեսուրսի կիրառումը. Զոհրաբյան
«Կարևոր եմ համարում օրենքի նախագծի ընդունումը, որով ցմահ ազատազրկում է սահմանվում պետական դավաճանության համար»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով անցած քառօրյայում ընդունված նախագծերին։
Պատգամավորի խոսքով, նախագծի ընդունումը հատկապես կարևոր է, քանի որ, իր կարծիքով, Արցախյան վերջին պատերազմից հետո մի օր ՀՀ անկախ դատարանը իրավական գնահատական է տալու տեղի ունեցածին, և բոլոր մեղավորները ստանալու են իրենց պատիժը։
«Երկրորդ նախաձեռնությունը, որին ես ցանկանում եմ անդրադառնալ, Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված նախագիծն է, որով զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված պատիժները խստացվում են։ Սա ես համարվում եմ աննախադեպ խայտառակ օրինագիծ, որն ուղղված է խոսի ազատության դեմ, ՀՀ-ում ազատ խոսքը լռեցնելու դեմ։ Եթե ուզում են վիրավորանքին ու զրպարտությանը վերջ դնել, ապա Նիկոլ Փաշինյանը դա կարող է անել երկու րոպեում՝ իշխանական ֆեյք ինդուստրիան փակելով։ Այդ դեպքում Հայաստանում շնչելը կդառնա ավելի ազատ»,- նշեց նա։
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իշխանությունը ևս մեկ նախագիծ է բերելու, որով քրեականացվելու է պաշտոնյային վիրավորելը, ինչը արդեն բացարձակ տոտալիտար համակարգի հաստատում կլինի՝ խոսքի ազատության առումով, և Հայաստանը կհայտնվի Հյուսիսային Կորեայի հետ նույն հարթության վրա։
«Ես դիմել եմ միջազգային կառույցներին, և ինձ համար առնվազն զարմանալի կլինի, որ նրանք այս նախագծին չարձագանքեն»,- նշեց նա։
Լրագրողների դիտարկմանը, որ չորեքշաբթի օրը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսին տեղի ունենալիք արտահերթ ընտրություններին գնալու են փակ համամասնական համակարգով, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ ԲՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր առանձին ցուցակով և այն, բնականաբար, գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը։
«Ինչ վերաբերում է ընտրակարգին, ապա այստեղ խաղն իշխանության դաշտում է, իրենք են սահմանել այդ կանոնները։ Մենք մասնակցելու ենք ընտրություններին, մեզ համար շատ ավելի կարևոր է, որ այդ ընտրությունները լինեն ազատ և անկախ, և ընտրությունների ժամանակ որևէ վարչական ռեսուրս չկիրառվի։ Մեզ համար շատ կարևոր է, որ ընտրությունները լինեն ազատ և արդար, իսկ ընտրակարգը, բնականաբար, որոշելու է իշխանությունը»,- նշեց պատգամավորը։
Պատգամավորը հույս հայտնեց, որ կձևավորվի քաղաքական կոնսենսուս ընտրություններին մասնակցող ընդդիմադիրների կողմից, որպեսզի որևէ իշխանավոր՝ կլինի գյուղապես, թե ԺԵԿ-ի պետ կամ Կադաստրի ղեկավարի համար «կոֆե եփող», չկիրառեն վարչական ռեսուրս։
Հարակից հրապարակումներ`
- «Առաջիկա հնարավոր արտահերթ ընտրությունները պետք է դառնան Փաշինյանին անվստահություն հայտնելու հանրաքվե»
- «Հրապարակ». Արտահերթը կանցկացնեն նոր ընտրական օրենսգրքով՝ առանց ռեյտինգայինի
- ԲՀԿ-ն չի խոչընդոտի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ Շաքե Իսայան