Շուշան Դոյդոյան. Իրենց փորած փոսն առաջինն ընկնելու են անզուսպ ու ոչ բարեխիղճ խոսքով իշխանական գործիչները
Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ԱԺ-ն ընդունեց առանց հաշվի առնելու մասնագիտական հանրության, Մարդու իրավունքերի պաշտպանի կարծիքները, նույնիսկ ԱԺ-ում արդարադատության փոխնախարարի կողմից ներկայացված լավ հիմնավորումներով առարկությունները։ Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով զրպարտության ու վիրավորանքի համար նախատեսված տուգանքի չափի բազմապատկումը, ընդգծեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր, նախագահ Շուշան Դոյդոյանը՝ ավելացնելով, որ մինչև վերջ վստահ էր՝ այդ օրենքը չի կարող ընդունվել։
«Նման պրակտիկան ընդհանրապես անհամատեղելի է օրենքների մշակման և ընդունման՝ Հայաստանում արդեն իսկ ձևավորված մշակույթի հետ։ Ես սա համարում եմ շատ արտառոց, բացասական նախադեպ։ Հուսով եմ, որ այն կլինի առաջինն ու վերջինը»,-նման կարծիք հայտնեց տեղեկատվության ազատության հարցերով փորձագետը։
Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը, որը երկու օր առաջ 76 կողմ, 39 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց ԱԺ կողմից, վիրավորանքի համար առաջարկում է գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ։
Շուշան Դոյդոյանը վստահ է՝ օրինագիծը, եթե իրավական ուժ ստանա, ոչ միայն չի ծառայելու սահմանված նպատակին, այլ հակառակը՝ առաջ է բերելու ավելի խորքային խնդիրներ, իսկ արդեն առկա խնդիրներն ավելի են խորանալու։ Բացի այդ, այն ավելացնելու է դատարանների ծանրաբեռնվածությունը, լրատվամիջոցներն էլ ներքաշվելու են բազմաթիվ դատական քաշքշուկների մեջ՝ նրանց կանգնեցնելով փակման վտանգի առաջ։
«Նիկոլ Փաշինյանը, երբ գլխավոր խմբագիր էր, նման խնդրի առաջ կանգնեց իր թերթը, քանի որ չկարողացավ վճարել 6 մլն դրամ տուգանքը։ Երեք պատգամավոր դատի էին տվել թերթին, նրանցից յուրաքանչյուրը պահանջել էր երկու մլն դրամ։ Ի վերջո թերթը սնանկացավ։ Այսինքն, այն խնդիրները, մերժելի իրավիճակներն ու երևույթները, որոնք եղել են 90-ականների վերջին, 2000-ականների սկզբին, կարծես վերակենդանացնում ենք»,- հնարավոր հետևանքներն ու վտանգները մատնանշեց ոլորտի գիտակը։
Դոյդոյանը հիշեցրեց՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, ապա զգուշացրեց՝ փոս փորողն ինքն է ընկնում փոսի մեջ։
«Օրենքի հեղինակն ու նրան սատարողներն առաջին են ընկնելու իրենց փորած փոսը, քանի որ նրանք աչքի չեն ընկնում զուսպ ու բերախիղճ քաղաքական խոսքով, անզուսպ, երբեմն վիրավորական գնահատկաններ են հնչեցնում մարդկանց հասցեին»,-նշեց նա։
Ապատեղակատվության դեմ պայքարելու նպատակը, ըստ նրա ևս չի արդարացվելու, հակառակը լրատվամիջոցների համար խաչընդոտներ ստեղծելու արդյունքում չստուգված ու կեղծ լուրերը լայն տարածում են ստանալու։
Միջազգային կազմակերպությունների հետ ակտիվորեն աշխատող Շուշան Դոյդոյանը նրանցից էլ է մտահոգություններ ստանում նման օրինագծի ընդունման վերաբերյալ։
«Տարակուսած են։ Ցավոք, նախագիծը նաև չի ուղարկվել դուրս՝ կարծիքի ու փորձաքննության համար։ Լավ, մեզ չեն վստահում, կարելի էր չէ՞, փորձաքննության համար ուղարկել արտասահմանցի կամ միջազգային մասնագետների մոտ։ Ցավոք, դա էլ չեղավ»,-ասաց Շուշան Դոյդոյանը։
Նշենք, որ նրա ղեկավարած կենտրոնն էլ միացել էր լրագրողական կազմակերպությունների հայտարարությանն ու կոչ արել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել այդ օրենքը։ Նախագահի աշխատակազմից երեկ կազմակեպության ղեկավարին հայտնել են, որ ամենայն հավականությամբ Արմեն Սարգսյանը հանդիպում կունենա մասնագետների հետը՝ քննարկելու վիճահարույց օրինագիծը։
«Մեր վերջին հույսն ու հանգրվանը հանրապետության նախագահն է։ Մենք առաջարկում ենք չստորագրել այն և ուղարկել Սահմանդրական դատարան, քանի որ գտնում ենք, որ հակասություն կա ՍԴ-ի՝ 2011 թվականի նոյեմբերին կայացրած որոշման մի քանի դրույթների հետ։ Դա կարող է բավարար հիմք լինել օրենքը չստորագրելու կամ ստորագրելը հետաձգելու համար»,-նշեց նա։
Դոյդոյանի կարծիքով, այս օրինագծի դեմ պետք է համատեղ ու ակտիվ պայքար մղեն նաև լրատվամիջոցները։
«Համայնքը պետք է միասնական լինի ու պրոակտիվ գործողություններ իրականացնի՝ ցույց տալու, որ դա անընդունելի օրենք է, օրինակ, կարելի է ամենօրյա վերահսկողություն իրականցնել քաղաքական գործիչների հանրային խոսքի նկատմամբ»,-ընդգծեց ԻԱԿ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարելու համար Փաշինյանը կարող էր ճտացնել ու փակել ֆեյքերի ինկուբատորը. Զոհրաբյան
- Բորիս Նավասարդյան. Պատգամավորները ռեպրեսիվ բնույթի օրենսդրական նախաձեռնություններով վրեժ են լուծում լրատվամիջոցներից
- Կոչ Արմեն Սարգսյանին. Կանխել խոսքի ու մամուլի ազատության դեմ ուղղված նախաձեռնությունը
- Շուշան Դոյդոյանը կոչ է անում միջազգային կազմակերպություններին դիրքորոշում արտահայտել Ալեն Սիմոնյանի անորակ նախագածի վերաբերյալ
- Լրագրողական կազմակերպություններն Արմեն Սարգսյանին կոչ են անում չստորագրել նոր ընդունված օրենքը
- Շուշան Դոյդոյան. Թե՞ մենք Ալեն Սիմոնյանին հիշելու ենք միայն այս մահակ-նախագծով
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում