Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության թեմայից
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեջլիսում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սենատորների՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչին՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Աքարը նշել է, որ երբ գալիս են մարտ և ապրիլ ամիսները, այդ հարցն օրակարգում է հայտնվում:
«Պետք է շատ լավ հասկացվի, որ առանց տեղեկույթի կարծիք չի լինում: Եվ Նրանք, որոնք կարծիք են հայտնում և առաջ են քաշում պնդումներ, նախ պետք է տեղեկացված լինեն տվայլ հարցից»,-ասել է նա:
Կրկնելով Թուրքիայի իշխանությունների կողմից պարբերաբար արտաբերվող նույնաբովանդակ մտքեր՝ նա ասել է, որ այդ հարցի շուրջ իրենք բազմիցս խոսել, քննարկել ու պատմել են և շարունակելու են պատմել:
Աքարը, պնդելով, որ ԱՄՆ-ի ազգային արխիվում գրավոր տեղեկություններ կան, բոլոր մտավորականներին, այդ թվում ԱՄՆ քաղաքական գործիչներին, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է արել՝ իրենց նեղություն քաշեն և ուսումնասիրեն արխիվները:
Այնուհետև Աքարը լրագրողներին պատմել է ԱՄՆ ազգային արխիվից 1603 էջանոց զեկույցից մի հատված.
«1919թ. ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հրամանով ամերիկացի գեներալ Ջեյմս Հարբորդը զինվորականներից և քաղաքացիական անձանցից բաղկացած մոտ 50 հոգանոց պատվիրակությամբ Թուրքիա է եկել և այստեղ 58 օր ուսումնասիրություններ արել: Դրա արդյունքում կազմված զեկույցում նշվել է, որ այստեղ որևէ ցեղասպանություն չի եղել և երկու կողմերը (թուրքերն ու հայերը-խմբ.) շատ ծանր վիշտ են ունեցել»:
Թեմայով հետաքրքրվողներին թուրք նախարարը խորհուրդ է տվել ուսումնասիրել ամերիկյան արխիվները:
«Մասնավորապես ամերիկացիները դա պիտի տեսնեն: Այդ զեկույցի էության և ամփոփման մեջ կարող են հստակ տեսնել, որ թուրքերը և հայերը մինչև այդ օրը 500 տարի միասին խաղաղության մեջ են ապրել և եթե արտաքին ազդեցություն չլիներ ևս 500 տարի կարող էին ապրել»:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների 37 սենատորներ միացել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսին և ամբողջությամբ ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Մենենդեսը նամակում Բայդենին հիշեցրել է, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք հորդորում ենք՝ նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,-ասվում է նամակում։