Խաչատրյանի 17-րդ միջազգային մրցույթը կանցկացվի դիրիժորություն մասնագիտությամբ
Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ կմեկնարկի նրա անունը կրող միջազգային մրցույթը։ Այն այս տարի կանցկացվի դիրիժորություն մասնագիտությամբ։ Միջազգային երաժշտական այս ստուգատեսի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտներին‚ ինչպես նաև աշխարհում է՜լ ավելի հանրայնացնել հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստը։ Այս մասին հայտնում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը երկրորդ անգամ է անցկացվում դիրիժորություն մասնագիտությամբ։ Նախորդը տեղի էր ունեցել 2016 թվականին և մեծ արձագանք էր գտել երաժշտական աշխարհում. նկատենք‚ որ դիրիժորության մրցույթներ աշխարհում շատ չեն անցկացվում։
Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհայինֆեդերացիան‚ հաշվի առնելով խաչատրյանական ստուգատեսի մեծ հեղինակությունն ու նրա դափնեկիրների հետագա հաջողությունները‚ 2015 թվականին թույլատրել է Խաչատրյանի անվան մրցույթի մասնագիտությունների թվում ընդգրկել նաև դիրիժորությունը։
Հունիսի 6-12-նարդեն 17-րդ անգամ կայանալիք երաժշտական այս խոշորագույն իրադարձությանը կարող են մասնակցել 18-35 տարեկան դիրիժորները՝ անկախ ազգությունից և քաղաքացիությունից: Մրցույթը բաղկացած է լինելու նախընտրական լսումներից (տեսաձայնագրություն) և 2 փուլից: Նախընտրական լսումներիցհետո 1-ին փուլին մասնակցելու իրավունք կստանա առավելագույնը 18 մասնակից:
Նախընտրական լսումների փուլը հաղթահարած դիրիժորներն իրենց վարպետությունը կներկայացնեն՝ ղեկավարելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ որը մրցույթի պաշտոնական նվագախումբն է։
Մրցույթին մասնակցել ցանկացողները մինչև 2021թ. մայիսի 10-ը մրցույթի մասնակցության հայտը կարող են լրացնել հետևյալ հղմամբ։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։
Տարեցտարի ընդլայնվում են մրցույթին մասնակցել ցանկացողների թիվն ու աշխարհագրությունը։ Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Մրցույթին դիմելու կարգի մասին և այլ տեղեկություններ կարելի է ստանալ Խաչատրյանի միջազգային մրցույթի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները