«Ցանկացած իշխանություն էլ փորձելու է որոշակի ազդեցություն ունենալ, բայց դատավորը հենց ինքը պետք է դրանից հեռու մնա»
«Դատավորի անկախությունը հենց իրենից է կախված, ցանկացած իշխանություն էլ փորձելու է որոշակի ազդեցություն ունենալ, բայց դատավորը հենց ինքը պետք է դրանից հեռու մնա»,- այսօր դատավորների ընդհանուր ժողովի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը։
Նա նկատեց, որ թե՛այս, թե՛ նախկին իշխանությունների օրոք իր նկատմամբ ճնշումներ չեն եղել, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր դատական համակարգի վրա եղած ճնշումներին, ապա մեծամասամբ այդպիսիք չեն եղել, իսկ կոնկրետ անձանց մասով հստակ որևէ բան ասել չի կարող։
«Իսկ հանրային ճնշումներ իհարկե լինում են, չեմ կարծում, որ դուք չեք նկատում դա»,- նշեց Մխիթար Պապոյանը։
Նա նաև հավելեց, քաղաքական իշխանության տարբեր ներկայացուցիչներ հաճախ հարց են բարձրացնում, թե ինչու կոնկրետ դեպքերում կալանքը չի ընտրվել որպես խափանման միջոց, բայց, իր խոսքով, կալանքի նպատակը պատիժը չէ, դրա նպատակն այլ է։
«Ցանկացած տեղեկություն, որը վարկաբեկում է դատական իշխանությանը, ունենում է իր ազդեցությունը համակարգի վրա։ Եթե ՀՀ-ում անընդհատ խոսվում է վատ դատարան ունենալու մասին, դա ուղիղ ազդեցություն է ունենում։ Իմ կարծիքով, ինչ-որ մի օր պետք է կարմիր գիծ քաշվի. այն, ինչ ներկայացվում է հանրությանը, ես դրա հետ այդքան էլ համաձայն չեմ։ Ես չեմ ասում, որ մեր համակարգում խնդիրներ չկան, բայց իմ գնահատմամբ՝ դա այնքան վատը չէ, որքան ներկայացվում է։ Իսկ ինչքան շատ ենք վատն ասում, այդքան այդ վատն ավելանում է։ Կարծում եմ՝ ինչ-որ մի օր պետք է այդ կարմիր գիծը քաշվի»,- Մխիթար Պապոյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանում նոր դատավոր ընտրված Արսեն Մկրտչյանը չունի բարձրագույն իրավաբանական կրթություն
- «Փաստինֆո»․ Դատավոր Մհեր Պետրոսյանին ճնշելու գործը վստահված է եղել ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետին
- ԲԴԽ լիազորություններն ընդլայնող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց