2020թ․-ի պատերազմը վատագույնն էր Պարգև արքեպիսկոպոսի համար, ով 3 պատերազմ է տեսել Արցախում․ ԵՀԽ
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հերթական հոդվածն է հրապարակել արցախյան պատերազմի առնչությամբ, այս անգամ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասին։
«Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շուրջ 33 տարի եղել է Արցախի թեմի առաջնորդը՝ երեք պատերազմներ ապրելով Արցախում և ասում է, որ նոյեմբերին ավարտված 2020 թվականի պատերազմը վատագույնն էր»,-այս մասին գրում է ԵՀԽ կայքը։
«1989 թ.-ին ինձ ուղարկեցին ղեկավարելու Արցախի թեմը, որն այն ժամանակ Խորհրդային Միության մաս էր կազմում», - ասում է Պարգև արքեպիսկոպոսը, որը հունվարին պաշտոնաթող եղավ առողջական պատճառներով և այժմ գտնվում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում։
Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր, հրետանի և հրթիռներ:
Պարգև արքեպիսկոպոսը հիշել է, որ 1993 թ.-ին նա աշխատել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հետ միջնորդական դերի ընթացքում։
«Ես լավ եմ հիշում, երբ Վազգեն Առաջինն էր կաթողիկոս և ներգրավեց մուսուլմանական ղեկավարությանն այդ տարածքում՝ «հոգևոր առաջնորդների միջոցով ազգերին խաղաղություն բերելու համար»,-ասել է Պարգև արքեպիսկոպոսը:
Նշվում է, որ1992-ի պատերազմում հայկական ուժերը առաջին խոշոր հաղթանակը գրանցեցին մայիսի 8-9-ը, երբ գրավեցին Շուշին` տարածաշրջանի պատմական քաղաքը:
Պարգև արքեպիսկոպոսի համար մեծագույն տխրություն է, որ պատերազմի ընթացքում Շուշիի Հայ Առաքելական տաճարը ենթարկվեց հարձակումների հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով և պղծվեց զավթիչ զինվորների կողմից: Ավերվեց նաև տարածաշրջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի Հովհաննես Մկրտչի եկեղեցին:
«Ես կցանկանայի, որ ամբողջ աշխարհից մարդիկ աղոթեին մեր և մեր տարածաշրջանում խաղաղության համար, բայց ոչ միայն մեր տարածաշրջանում, խաղաղության համար ամբողջ աշխարհում», - ասում է արքեպիսկոպոսը:
Ասվում է, որ երբ սկսվեց 2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմը, Պարգև արքեպիսկոպոսը հրապարակային հայտարարություն արեց՝ հայ ժողովրդին կոչ անելով ուժի և միասնության պատերազմի պայմաններում:
«Եկեղեցու առաքելությունը նույն առաքելությունն է, որը գալիս է պատմությունից. Մեր ժողովրդի համար բերել հավատ, հույս և օգնել նրանց, միավորել, նրանց մարդասիրական օգնություն ցույց տալ, խրախուսել, աղոթել նրանց հետ և օգնել ցանկացած ձևով, լինել նրանց հետ:
Այս պատերազմի ընթացքում մենք տեսանք հազարավոր սպաների և զինվորների Թուրքիայից: Մենք տեսանք շատ միջազգային ահաբեկիչների, ծայրահեղականների. Ես կարծում եմ, որ մեր դեմ կար 4000 ահաբեկիչ»,-ասում է Պարգև արքեպիսկոպոսը։
Նա 2020-ի պատերազմը չի տեսնում որպես պատերազմ կրոնի շուրջ, ինչպես ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ:
«Դա էթնիկ պատերազմ էր: Պատճառը, որ այս հակամարտությունը ծագեց, պայմանավորված էր մարդու իրավունքների հիմնական խնդրով, որը բխում էր Բաքվի իշխանությունների կողմից Արցախում հայ ժողովրդի նկատմամբ մեծ ճնշումից», - ասում է Պարգև արքեպիսկոպոսը։
Նա նշում է, որ Թուրքիան վերջին պատերազմի ժամանակ օգնել է Ադրբեջանին՝ Պակիստանի հետ միասին, «և նրանք օգտագործել են բազմաթիվ նոր տեսակի զենքեր, հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանից, Բելառուսից, Իսրայելից և Թուրքիայից:
«Սա ամենավտանգավոր պատերազմն էր, որը ես տեսա իմ 32 տարվա ընթացքում»,-ասում է արքեպիսկոպոսը։
«Պարգև արքեպիսկոպոսը 32 տարի ծառայած տարածքը համարում է իր տունը և նրա աչքերում մեծ տխրություն է, երբ խոսում է նրա հետ կատարվածի մասին՝ չնայած շնորհակալ է, որ կարող է այցելել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ»,-գրում է կայքը: