Պոպուլիստական հայտարարություններով հնարավոր չէ դրական սպասումներ ստեղծել հանրության մոտ. Սուրեն Պարսյանը՝ Վահան Քերոբյանի գրառման մասին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի վերջին ֆեյսբուքյան գրառմանն անդրադառնալը տնտեսագետներն անլուրջ են համարում:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը, ակնարկելով Քերոբյանի գրառումը, ֆեյսբուքի իր էջում գրել էր.
«Խորհուրդ լրագրողներին,
Վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների անհեթեթ և չհիմնավորված հայտարարությունների պարզաբանման համար ինձ դիմող լրագրողները լավ հասկանում են, որ այդ հայտարարությունները սխալ են, բայց նեղ մասնագետ չլինելով՝ մտքի ծայրով կարծում են, որ հնարավոր է պաշտոնյան, ինչ որ բան է նկատի ունեցել, որն իրանք չգիտեն։
Իմ խորհուրդը ձեզ, սիրելի լրագրողներ, մի կասկածեք ինքներդ ձեզ, հումորով վերաբերվեք այդ հայտարարություններին․․․ճճճճ»:
Panorama.am-ի հետ զրույցում տնտեսագետը նշեց, որ ինչպես լրագրողները կարծում են, որ հայտարարությունը սխալ է՝ այդպես էլ կա և ավելացնելու որևէ բան չունի:
Գնահատելով Վահան Քերոբյանի՝ տնտեսական աճի երկնիշ թիվ ապահովելու պնդումը՝ Պարսյանը նշեց. «Երկնիշ թիվ ապահովելու համար դու պետք է ունենաս համապատասխան տնտեսական կառուցվածք, աճ ապահովող ոլորտներ, բևեռներ, իսկ այս պահին նման աճ ապահովող ոլորտներ չունենք, բացառությամբ հանքարդյունաբերությանը, սակայն զուտ դրա հաշվին հնարավոր չէ երկնիշ աճ ապահովել»:
Տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուի կարծիքով՝ երկնիշ աճ հնարավոր է ապահովել միայն այն դեպքում, երբ շինարարության ոլորտը շատ ակտիվ աճ գրանցի, բայց 2020-21 թվականներին հատկապես մասնավոր շինարարության մասով, լուրջ մտահոգություններ կան, քանի որ բազմաթիվ ծրագրեր են սառեցված:
Պարսյանը նկատեց, որ այստեղ խոսքը չի գնում պետական ծրագրերով ճանապարհների ենթակառուցվածքների ձևավորման դեպքին:
Շեշտելով որ, այս իրավիճակում հնարավոր չէ խոսել երկնիշ աճի մասին՝ Սուրեն Պարսյանը փաստեց. «Որևէ երկիր 7.6% տնտեսական անկման տարուց հետո չի գրանցել երկնիշ աճ: Առհասարակ, նման դեպքերում հաջորդ տարիները համարվում են ճգնաժամի վերականգնման տարի և նման իրավիճակում լավագույն ցուցանիշ է դիտվում նույնիսկ1-2% աճը: Այդպես է եղել և՛ 1998 թվականի, և՛ 2009 թվականի ճգնաժամերին հաջորդած տարիներին, և առհասարակ համաշխարհային փորձն է դրա մասին վկայում»:
Ըստ տնտեսագետի՝ զուտ պոպուլիստական հայտարարություններով չեն կարող դրական սպասումներ ստեղծել հանրության մոտ, այլ հակառակը՝ այն ավելացնում է անորոշությունը և անվստահությունը:
Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարը մարտի 25-ին գրառում էր արել, որում ասվում էր.
«Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։
Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»։
Հարակից հրապարակումներ`
- Քերոբյանի գրառումը հերթական անհեթեթությունն է․ Բոստանջյան
- Քաղաքացիներն արձագանքում են Քերոբյանին. «Ինչքան ուժ ունեք խայտառակվեք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան