Տուրիզմի աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվել է 319 տոկոս. էկոնոմիկայի նախարար
«Կենտրոնական բանկը կանխատեսում է 1,4 տոկոս տնտեսական աճ 2021 թվականի համար, մեր բյուջեի կանխատեսումներով 3,2 տոկոս է»,- լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով, այս տարվա հունվար-փետրվարի արդյունքները ավելի լավն են, քան 2019-ի արդյունքները, որովհետև 2020-ի հունվար-փետրվարը էապես ավելի լավն էին, քան 2019-ի հունվար-փետրվարը. «Եթե համադրենք և պահենք աճի տեմպը 2019 թվականի նկատմամբ, ապա տարեվերջին կունենանք 2020-ի նկատմամբ ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ: Ընդամենը դա է: Մենք տեսնում ենք բազմաթիվ պրոյեկտներ, որոնք հիմա արդեն ընթացքում են և սկսվելու վրա են: Չեմ ուզում բացահայտել, քանի որ դեռ տեղի չեն ունեցել, բայց բազմաթիվներն էլ կան, որ արդեն տեղի են ունեցել»։
Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտին, Վահան Քերոբյանն ասաց, որ նախորդ տարի տուրիզմի ոլորտում շռնդալից անկում են ունեցել, բայց արդեն այս ամիս էլ տեսնում են, որ եթե նախորդ տարի այս ամսին տուրիստ չկար, այս տարի ունեն:
«Հիմա Նովրուզ է և շատ իրանցիներ կան Հայաստանում: Ապրիլի համար շատ ամրագրումներ կան, իսկ մայիսից պլանավորում ենք մտնել ընդունելի և նորմալ տեմպի մեջ:
Այս տարվա համար տուրիզմի աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվել է 319 տոկոս: Այսինքն 2019-ի նկատմամբ - 20-25 տոկոս է, բայց 2020-ի նկատմամբ + 319 տոկոս է»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիր պատգամավորը՝ Քերոբյանի տնտեսական երկնիշ աճի մասին
- ԿԲ-ն վերանայել է ՀՀ-ում 2021 թվականի տնտեսական աճի ցուցանիշը
- Վարդան Արամյան. 3.2 տոկոս տնտեսական աճը կառավարման այս պայմաններում անհասանելի է
- 2021 թվականին մենք կունենանք 3.2% տնտեսական աճի կանխատեսում. նախարար