Արթուր Վանեցյան. ՍԴ որոշմանը պետք է հետևեն հրաժարականներ
«Հրապարակ»-ը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ ՍԴ որոշման մասին զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։
Հրապարակ- Պարո՛ն Վանեցյան, ՍԴ երեկվա որոշումը սառը ցնցուղ էր շատերի համար։ Ըստ Ձեզ՝ այն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ առաջիկա քաղաքական պրոցեսների համար։
Արթուր Վանեցյան- Այդ որոշումը ես համարում եմ տրամաբանական արդյունք և պետության համար շատ կարևոր հանգրվան՝ առաջին հերթին իրավունքի տեսակետից: Քաղաքական պրոցեսներն այս դեպքում երկրորդական են: Շատ կարևոր է, որ երկրում գործում են ինստիտուտներ, որոնք արձանագրում են իրավունքի գերակայությունը՝ անկախ տվյալ պահի քաղաքական իշխանության ցանկությունից: Տխրահռչակ 300.1 հոդվածն ինձ համար շատ վաղուց էր հակասահմանադրական:
Հրապարակ- Պարո՛ն Վանեցյան, կա տարածված տեսակետ, որ հենց այս թեման էր Ձեր հրաժարականի և հայտնի «Կանգ առ»-ի հիմքում: Սրա՞ մասին էիք դուք ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալիս զգուշացնում գործող իշխանությանը։
Արթուր Վանեցյան- Համարենք, որ դա «Կանգ առ»-ի կարևոր կետերից մեկն էր: Այո՛, ես երբեք չեմ թաքցրել իմ տեսակետը թե՛ այս գործի, թե՛ ՍԴ-ի վրա ամիսներ տևող անթույլատրելի ճնշումների վերաբերյալ: Մենք այդ ժամանակը պետք է օգտագործեինք հասարակական համերաշխության վերականգնման և պատերազմից խուսափելու համար: ՍԴ-ի երեկվա որոշումն անձնապես ինձ համար ունի կարևոր նշանակություն․ իմ թիմակիցների, ինձ վստահող մարդկանց համար սա ևս մեկ ապացույց է, որ ես ժամանակին ճիշտ էի:
Սա կարևոր է դեռևս իշխանության մեջ գտնվողների համար, որ իմ զգուշացումների հիմքում բացառապես պետության շահն էր: Ստացվում է, որ հակասահմանադրական և անվավեր ճանաչված հոդվածով մենք ունեցանք ներքին թշնամանք, լրջագույն խնդիրներ Ռուսաստանի հետ, անթույլատրելի լարվածություն ՀԱՊԿ-ում, բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի անկում և այլն:
Հրապարակ- Դուք ասացիք, որ սա «Կանգ առ»-ի կարևոր, բայց միակ թեման չէր։ Իսկ որո՞նք են մյուսները, կասե՞ք…
Արթուր Վանեցյան- Իհարկե, կասեմ: «Կանգ առ»-ը թեև տեխնիկապես ուղղված էր մեկ հոգու, բայց ահազանգ էր՝ ողջ հասարակությանը, և դրա շատ կետեր ունեն նույն սրությունը: Այնպես որ, ես դրա մասին անպայման խոսելու եմ և՝ շուտով:
Հրապարակ- Վերջին հարցը. ի՞նչ պետք է հետևի ՍԴ որոշմանը։
Արթուր Վանեցյան- Հրաժարականներ․․․քաղաքական և իրավապահ համակարգից, ինչպես նաև մարդկային ներողամտության հայցում առնվազն այս հայտնի գործով հետապնդվողներից:
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստանն ու Արցախը որքան վնաս կրեց այդ ապօրինի հետապնդումից, դեռ հնարավոր չէ ամբողջությամբ պատկերացնել»
- Ռոբերտ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից
- ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական
- Արթուր Վանեցյան. Այսօր ևս մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ, կանգ առ
- Արթուր Վանեցյան. Կանգ առ, Նիկոլ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան