Հիմա՝ այս բզկտված վիճակում Հայաստանը պատրաստ չէ ընտրությունների. Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է արտահերթ ընտրությունների անցկացման նպատակահարմարությանը։
«Ոչ մի ընտրություն հիմա այդ հարցը չեն լուծելու, հիմա շատերը չէի ասի, որ ոգևորված են ընտրություններով, բայց տեսնելով, որ պայքարը չբերեց իշխանափոխության, ասում են՝ փորձենք այս ձևը։
Ես կտրականապես դեմ եմ դրան. առաջին՝ Հայաստանը հիմա պատրաստ չէ ընտրությունների՝ այս բզկտված վիճակում, և ընտրությունները խորացնելու են ճգնաժամը և ոչ թե լուծելու են այն։
Երկրորդը, որ շատ կարևոր է. մենք մեր և մյուս երկրների առաջ խայտառակ կլինենք, և կկորցնենք ինքնավստահությունը, եթե Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանելուց հետո ղեկավարի ընտրությունները։ Դրանից ավելի մեծ խայտառակություն լինել չի կարող։ Ավելի լավ է՝ ինքը մի քիչ էլ երկար մնա, մինչև մենք ուժ հավաքենք, իրեն գցենք, քան ինքը ղեկավարի այդ ընտրությունները։ Էլ չեմ ասում, որ ընտրությունների ժամանակ ինքը տոկոս կհավաքի, ու կստացվի, որ հա, ինչ-որ մի դեպք էր եղավ, երկիրը կործանվեց, իրենք իրենց տոկոսն ունեն։ Իսկ եթե հանկարծ, որը չեմ բացառում, ինքը դառնա վարչապետ, դրանից հետո ոչ միայն մենք ինքներս մեզ չենք հարգի, այլ ամբողջ աշխարհը մեր վրա կծիծաղի։ Մենք դրանից հետո ոչ մի բան չենք կարող անել։
Դրա համար ես գտնում եմ, որ ծրագիրը, որը առաջադրել է «Հայրենիքի փրկության շարժումը»՝ փոխել վարչապետին և մեկ տարով ժամանակավոր կառավարություն ձևավորել, միակ ճիշտ ճանապարհն է։ Այդ մի տարվա ընթացքում մենք կարող ենք նոր տնտեսության, նոր բանակի, բարեկամների հետ նոր հարաբերությունների հիմքերը դնել։ Պետք է իրար հետ քննարկենք, տեսնենք՝ ինչ տեսլական ենք ուզում իրականացնել, որ կարողանանք գնալ առաջ։ Դա միակ ծրագիրն է։
Դուր չի՞գալիս վարչապետի թեկնածուն, այսինքն՝ ես, եկեք փոխենք։ Դուր չի՞ գալիս մի տարի ժամկետը, եկեք կարճացնենք, կամ երկարացնենք։ 17 կուսակցությունները, որոնք ձևավորեցին շարժումը, արդյունավետ չե՞ն աշխատում, եկեք փոխենք ֆորմատը, որովհետև կարևորը տեսլական ունենալն է, թե մենք ինչպիսի երկիր ենք ուզում։ Կարևոր է մի տարվա ընթացքում ունենալ դադար, ամեն ինչի հիմքերը դնել, նոր գնալ ընտրությունների։
Դրա համար ես կտրականապես դեմ եմ այս ընտրություններին, մի կողմ թողնենք՝ ընտրություններ կլինեն, թե՝ ոչ։ Եթե արտահերթ ընտրություններ լինեն, ես չեմ ասում՝ մի գնացեք ընտրությունների, այս ասում եմ՝ եթե նշանակվել են ընտրություններ, նշանակվել է օր, ապա մինչև այդ օրը պետք է գցել իրեն։ Հենց ընտրարշավը սկսվեց, արդեն չենք կարող գցել իրեն, քանի որ դա ուրիշ քաղաքական, իրավական և համաշխարհային դաշտերի մեջ է։ Եթե մինչև հրաժարականն էլ չենք կարող, ապա հրաժարականից հետո պետք է գցենք իրեն»,- ասել է Վազգեն Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենիքի փրկության շարժում. Մեր նպատակն ու օրակարգն անփոփոխ են
- Հայրենիքի փրկության շարժում. Մարտի 28-ին ժամը 15։00-ին հրավիրվում է համապետական հանրահավաք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին