«Գնա քեզ առաջիկա աղբամանի մեջ գցի». պատգամավորը՝ ԱԽ քարտուղարին
«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին ներկա հասարակական-քաղաքական գործիչներն այսօր բավականին սուր քննադատություններով անդրադարձան ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկվա հայտարարությանը, որ՝ Թուրքիայի նկատմամբ մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն։
«Գնա քեզ առաջիկա աղբամանի մեջ գցի». պատգամավոր Գևորգ Պետրոսյան
«Ես չեմ զարմանում, այդ հայտարարությունից։ Եթե ԱԺ ամբիոնից իմքայլական պատգամավորները հայտարարում են, թե լավ թուրքեր էլ կան, նրանց պետք չէ թշնամանքով մոտենալ, ապա պետք էր նաև նման հայտարարության սպասել։ Սա ուղղակի մեր ազգային անվտանգության խնդիրն է։ Երեկ տեսաձայնագրություն տարածվեց, որ թուրքերը եկել են Ծիծեռնակաբերդ ու երգում են, թող սրանով զբաղվի ԱԱԾ-ն։ Երկրի, սահմանների պաշտպանությունը Նիկոլի համար չորրորդ կամ ավելի հետին տեղում է, կարևորն ինքը պաչում է իր աթոռի ոտքերը։ Իսկ այդ ԱԽ քարտուղարին ինչ ասեմ՝ գնա, քեզ առաջիկա աղբամանի մեջ գցի...։
Կամ իրենցքայլական պատգամավորն ասում է՝ մենք տարածք չենք կորցրել, ուղղակի ժամանակին շատ ենք գրավել»։
Պետք է դուրս շպրտել նման մտածողությունը մեր հանրային դիսկուրսից. Ռուբեն Մելիքյան
«Այդ անձնավորությունը, որը մեծացել է Արցախում, որը տեսել է՝ ինչ է նշանակում թուրքերի, ադրբեջանցիների կողմից եղած հայատյացությունը, նման տեքստեր է ասում, դա բացահայտ դավաճանություն է։ Ես կարծում եմ, որ մեր թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի դուրս շպրտել նման մտածողությունը մեր հանրային դիսկուրսից»։
ԱԽ քարտուղարն անհայրենիք ոչնչություն է. հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյան
«Իրենց ողջ խմբակցությունը Թուրքիայի գործակալական խմբի ներկայացուցիչներ են։ Տեսեք, Արարատ Միրզոյանը թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված գործակալ է եղել, Արմեն Գրիգորյանն անհայրենիք ոչնչություն է։ Իր ծննդավայրը եղել է կրակի տակ, ինքը չունի հայրենիքի նկատմամբ այն զգացումը, որը պետք է ունենա ցանկացած պաշտոնյա։ Ինձ համար այդ հայտարարությունը նորմալ է, ու նորմալ է նաև, որ թուրքական զենքով սպանված մեր տղաների վրա իրենք թքած ունեն։ Դա նորմալ է, չզարմանաք մի օր, որ կիսալուսինը հայտնվի հայկական դրոշի վրա։ Նրանց մի օր ավել մնալը ուղղված է լինելու թուրքերի օրակարգը հաստատելուն»։