Հետքայլ չկա, ինչ ճանապարհով էլ լինի, այս չարիքին հեռացնելու ենք. Իշխան Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջն ավելի ենք ամբողջացնելու։ Ակցիաներ ենք իրականացնելու նաև մարզերում»,-այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց շարժման համակարգող խորհրդի անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, Փաշինյանի հրաժարականից հետո՝14 օրերի ընթացքում իրենք ամեն ինչ անելու են, որ այդ դե յուրե հրաժարականը դառնա նաև դե ֆակտո, որպեսզի նա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար չկարողանա դառնալ։
«Եվ եթե ինչ-ինչ պատճառներով մենք մեր նպատակին չհասնենք, կգա ընտրական փուլը, և այդ ժամանակ հայտնի կդառնա՝ ընտրություն լինելո՞ւ է, թե՞՝ ոչ։ Եվ հենց այդ փուլում շարժման անդամ բոլոր կուսակցություններն ազատ կլինեն իրենց դիրքորոշման մեջ՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞՝ ոչ»,- նկատեց նա։
Իշխան Սաղաթելյանի կարծիքով, առաջիկա ընտրությունները Նիկոլ Փաշինյանը դիտարկելու է՝ որպես «իր կաշին փրկելու» միջոց։
«Մենք պետք է ամեն ինչ անենք՝ դա թույլ չտալու համար։ Շատ կարևոր է, որ այն քաղաքական ուժերը, որոնք մասակցելու են այդ ընտրությանը, դա չդիտարկեն՝ իբրև պարզ, սովորական ընտրություն։ Դա պետք է դիտարկել դավաճանին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր՝ ընտրության միջոցով»,- ասաց նա։
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյան-ՀՅԴ համագործակցությունը որքանո՞վ է իրատեսական, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Այս պահին նման քննարկումներ չկան, քանի որ դեռ չկան նշանակված ընտրություններ։ Հենց նշանակվեն ընտրություններ, ՀՅԴ-ն կորոշի՝ մասնակցում է, թե՝ ոչ»։
Դիտարկմանը, որ խորհրդարանական երեք ուժերը հայտարարել են արտահերթ ընտրությունների մասին, ՀՅԴ-ական գործիչն արձագանքեց՝ դա բավարար չէ։
«Մենք ունենք բոլոր հիմքերը կասկածելու, որ հնարավոր է նաև ընտրություններ չլինեն։ Հնարավոր է, որ նոր ալիք բարձրանւ և ավելի շուտ ենք հեռացնենք նրան»։
Իշխան Սաղաթելյանը նկատեց նաև, որ ընտրությունների նշանակումը շարժման հաջողություններից մեկն է։
«Բայց սա մենք չենք դիտարկում որպես հաղթանակ, այն ուղղակի առաջին հաջողությունն է։ Բայց մենք հիմա գնում ենք մեր պահանջն ամբողջությամբ բավարարելու հետևից։ Մեր պայքարը շարունակվում է՝ մեր ամբողջական ծրագիրն ավարտին հասցնելու համար։ Մեր կարգախոսում՝ «Առանց Նիկոլ Հայաստան», ոչինչ չի փոխվել»,- շեշտեց նա։
ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ եթե չլիներ շարժումը, հիմա հայ ժողովուրդը խոսելու էր Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի նոր կորցված տարածքների մասին։
«Մենք չենք կարողացել վերջնականապես ազատվել գլխավոր ուռուցքից, բայց կարողացել ենք գոնե զսպել այդ ուռուցքի՝ նոր տարածում ստանալը։ Մեր վերջնական նպատակին չենք հասել, բայց հետքայլ չկա, ինչ ճանապարհով էլ լինի, այս չարիքին հեռացնելու ենք»,- վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին