Ազգերի բրիտանական համագործակցությունը` վտանգի տակ
Արքայազն Հարրին և Մեգանը անցյալ տարի հրաժարվեցին բրիտանական թագավորական ընտանիքի անդամի իրենց պարտականություններից և տեղափոխվեցին ԱՄՆ: Հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ նրանց պատմած այն պատմությունը, ըստ որի թագավորական ընտանիքում մտահոգություն է առաջ բերել իրենց որդու՝ Արչիի մաշկի գույնը, ցնցեց Մեծ Բրիտանիան ու նման արձագանք ստացավ Ազգերի բրիտանական համագործակցության անդամ երկրներում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Համագործակցության անդամ պետություններից Բարբադոսն արդեն իսկ միտք ուներ զրկել Անգլիայի թագուհուն այս պետության գլուխ հանդիսանալու դերից:
Ինչպես Մեծ Բրիտանիայում այս երկրի նախկին դեսպան Գայ Հեուիթն է ասում. «Հարցազրույցը ևս մեկ անգամ շեշտում է այն հանգամանքը, որ թագավորական ընտանիքը դեռևս լիովին չի ըմբռնում զանազանության իմաստը և չի հասկանում այն իրենը դարձնելու կարևորությունը»:
2018 թվականին պարզվել էր, որ Մեծ Բրիտանիան սխալմամբ մերժել էր Կարիբյան գաղութներից այստեղ տեղափոխված միգրանտներին քաղաքացիություն շնորհել, նրանց, ովքեր այստեղ էին ժամանել Երկրորդ աշխարհամարտից հետո: Եվ հարյուրավոր միգրանտներ, որոնք ունեին այստեղ մնալու իրավունք, պարտադրաբար արտաքսվել էին երկրից: Ոմանք զրկվել էին առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքից ու պետական այլ ծառայություններից:
62-ամյա Էնթոնի Բրայընը 2015 թվականին կանգնել էր Ջամայկա արտաքսվելու վտանգի առաջ, Մեծ Բրիտանիայում կես դար ապրելուց հետո: Նրա խոսքերով, ինքը դրանից հետո կորցրել է Մեծ Բրիտանիայի նկատմամբ տածած իր նախկին վստահությունը:
Եղիսաբեթ թագուհին Բրիտանական համագործակցության անդամ պետություններից Նիգերիա է վերջին անգամ այց կատարել 2003 թվականին: Ինչպես տեղի վերլուծաբաններից Իդայաթ Հասանն է ասում, թագավորական ընտանիքում առկա ռասիզմի դրսևորումը ցնցող երևույթ է:
Դա կարող է ապացուցել, ասում է նա, որ այս համագործակցությունը չունի փոխադարձ շահ:
Սակայն շատերն էլ պաշտպանում են թագավորական ընտանիքին: Օրինակ մեկնաբան Փեննի Ջյունորն ասում է, թե ինքը ռասիզմի որևէ նշույլ չի տեսել այս ընտանիքում:
Իսկ Հեուիթի խոսքերով, այս տարակարծությունը ցույց է տալիս, որ առկա են խորը, պատմական խնդիրներ, որոնց այսօր Մեծ Բրիտանիան պիտի տա պատասխաններ․ «Մեծ Բրիտանիան պիտի ասի ճշմարտությունը, վեր հանի ռասիստական գաղութատիրական քաղաքականության մանրամասները և աշխատի 21-րդ դարի ոգուն համահունչ ուղիներ գտնելու համար»:
Շատերն են ասում, որ Բրիտանական համագործակցության ապագան մեծապես կհայտնվի վտանգի տակ, երբ գա թագը թագուհուց նրա որդուն` արքայազն Չարլզին փոխանցելու ժամանակը: