«Այս ռեժիմով նույնպես մեղադրանք չի կարող փոխվել». փաստաբան
«Իրավաբանությունը լավ գիտություն է, պետք չէ քաղաքական դրդապատճառներից ելնելով աղավաղել այն»
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է.
«ՍԴ-ի որոշումից հետո մամուլում տեղեկություններ են հրապարակվել մեղադրանքի փոփոխման հնարավոր անգրագետ գաղափարի վերաբերյալ: Մինչեւ նման հայտարարություններ անելն, առաջարկում եմ հայտարարություններ անողներին կարդալ եւ օրենսդրությունը եւ պրակտիկան եւ գիտությունը: Եթե զլանում եք ես այն Ձեր համար կբացահայտեմ։
Քրեական դատավարության գիտության մեջ ըստ դատավարական կարգի, մեղադրանքը փոփոխելը դասակարգվում է երկու իրավական ռեժիմի՝ մեղադրանքը փոփոխելը քննչական գործողություններ կատարելով եւ առանց քննչական գործողություններ կատարելու։ Հետագայում այս դասակարգումն արտացոլվեց նաեւ ՀՀ բարձր դատարանների իրավական դիրքորոշումներում (ՀՀ վճռաբեկ դատարանի 18 .12 .2009թ. թիվ ՀՅՔՐԴ/0144/01/09 քրեական գործով որոշում) (ՍԴՈ-872 որոշման 6 կետ):
Այսպես.
1.Քննչական գործողությունների կատարման ռեժիմով մեղադրանքը փոփոխելու կարգը սահմանվում է ՀՀ քր. դատ. օր-ի 309.1-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, որոնք համակարգային վերլուծելով նկատում ենք, որ մեղադրանքի փոփոխման այս ռեժիմն օրենսդիրը կապում է նրա հետ, թե արդյոք դատական քննության ընթացքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ որոնք հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում եւ արդյոք գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնել կամ փոփոխել քննչական գործողությունների կատարման եւ մեղադրանքը փոփոխելու նպատակներով առանց դատական քննությունը հետաձգելու։
Հարգելի գործընկերներ տեղեկացնեմ, որ Ռ. Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործով ի հայտ չեն եկել այնպիսի ՓԱՍՏԱԿԱՆ հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում մեղադրանքի կողմին, եւ դրա վառ ապացույցն այն է, որ նախորդ դատական նոստի ժամանակ մինչ Աննա Դանիբեկյանի կողմից դատական քննության փուլ անցնելը, դատախազներն այս ռեժիմով մեղադրանքը փոփոխելու համար դատական քննությունը հետաձգելու միջնորդություն չներկայացրեցին, հետեւաբար ակնհայտ է, որ վերջիններս դրա նախադրյալները չեն ունեցել։
Ինչ վերաբերում է առանց քննչական գործողություններ կատարելու մեղադրանքի փոփոխման 2-րդ ռեժիմին, ապա այս ռեժիմի համար օրենսդրությամբ նախատեսված է երկու պայման՝ 1) դատական քննության ժամանակ հետազոտվել են ապացույցները, եւ 2) հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք։ Ակնհայտ է, որ առաջին պայմանի վերաբերյալ գրականության մեջ իմպերատիվ կերպով նշվում է, որ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումը համարվում է մեղադրանքի փոփոխման պայման եւ ԲԱՑԱՌՈՒՄ մեղադրանքի ցանկացած փոփոխություն, որը չի հանդիսանում դատարանում ապացույցների հետազոտման արդյունք։
Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք քրեական գործով չի հետազոտվել որեւէ ապացույց եւ այլեւս սահմանադրական կարգի տապալման իրավաբանորեն արդեն գոյություն չունեցող մեղադրանքին վերաբերող ապացույցները չեն էլ կարող հետազոտվել, հետեւաբար կարծում եմ պարզ է ,որ այս ռեժիմով նույնպես մեղադրանք չի կարող փոխվել։
Հ.Գ. Իրավաբանությունը լավ գիտություն է, պետք չէ քաղաքական դրդապատճառներից ելնելով աղավաղել այն»։
Հարակից հրապարակումներ`
- Լուսինե Սահակյան. ՍԴ-ն փրկեց այսօրվա իշխանություններին ապագա մեղադրանքից ու պատժից
- ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական