ՍԴ-ն իր կնիքը դրեց և կեղծ արդարադատության խարանը դաջեց այս իշխանության ճակատին. Հովհաննես Սահակյան
«Մենք չենք մոռացել ու չենք էլ մոռանալու դատական համակարգի նկատմամբ գործող իշխանությունների արարքները. հետևաբար այն որոշումը, որն օրեր առաջ ընդունեց բարձրագույն դատարանը, կարելի է ասել, իշխանության քիմքին հարմար դատավորների կողմից արվեց, ուստի ասել, թե դա կեղծիք է, կամ հակաօրինական որոշում է, անթույլատրելի է»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն։
Նրա խոսքով, այն հոդվածը, որով մեղարում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այլևս գոյություն չունի, և այն ամբողջ ողնաշարը, ինչի հիման վրա կառուցել էին քրեական գործը, հակսահմանադրական է։
«Կա ընդամենը մի կնոջ անհեթեթ ցուցմունք, որի հիմքով այլևս ամոթ է գործը քննելը։ Ուստի այս իշխանությունները կա՛մ պետք է նոր գործ կարեն, կա՛մ նամուս ունենան ու գնան ներողություն խնդրելու։ Հետևաբար, սա լավ լակմուսի թուղթ է, որպեսզի մենք ցույց տանք, թե ինչ է իրենից ներկայացնում ՀՀ այս նոր իշխանությունը։ Սա է ամբողջ իրենց պատկերացումը, երբ քննիչին ցուցումներ են տալիս, այն դատավորներին, որոնց վնգստացող են անվանում, ոչ թե զանգում են, այլ կանչում են իրենց կաբինետներ, ցուցում տալիս և գնում առաջ։ Սա է իրենց պատկերացրած արդարադատությունը»,- նշեց նա։
Հովհաննես Սահակյանը նկատեց՝ այսօր օրը ցերեկով նախարարը կարող է ծեծել լրագրողին, բայց իրավապաշտպան որևէ կառույց ձայն չի հանում, մինչդեռ տարիներ շարունակ գործում էին գրանտներ շահած կազմակերպությունները։
«Դուրս է գալիս, որ նախկին իշխանություններն էին այդ կազմակերպությունների բանի տեղ դնում, որ իրենք էլ կարողանում էին ծպտուն հանել։ Այսուհետ, այդ կառույցները, այդ իրավապաշտպանները խոսելու տեղ չունեն»,- ասաց նա։
Ըստ քաղաքական գործչի, ՀՀ երկրորդ նախագահի շուրջ կատարվողը մի մեծ փուչիկ էր, որը պայթեց, թեև երեք տարի շարունակ հասարակությանը հենց այդ «ֆարսով էին սնում»։
«Հիմա ՍԴ-ն հաստատեց, որ 3 տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական հետապնդում։ ՍԴ-ն իր կնիքը դրեց և կեղծ արդարադատության խարանը դաջեց այս իշխանության ճակատին»,- շեշտեց նա։
Հովհաննես Սահակյանը վստահություն հայտնեց, որ ժողովրդի կեսից ավելին համաձայն չէ արտահերթ ընտրությունների միջոցով այս «դավաճանական խունտային» հեռացնելու հետ, և դա այս իշխանություններն էլ են հասկանում.
«Եվ իշխանություններն էլ, տեսնելով, որ ընդդիմությունը գնում է սահմանադրական ճանապարհով, փորձում է ձգձգել իր հեռանալը։ Ես վստահ չեմ, որ Նիկոլը հրաժարական է տալու և գալու է արտահերթ ընտրությունների»։
Հարակից հրապարակումներ`
- Քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
- ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական