Կորեան մեղադրել է ՄԱԿ-ին՝ երկակի ստանդարտների քաղաքականության մեջ
Կորեայի հրթիռների արձակման վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշումը երկակի ստանդարտների քաղաքականության դրսևորում է, խախտում է Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությունն ու դրա ինքնապաշտպանության իրավունքը։ Նման հայտարարություն է արել Հյուսիսային Կորեայի միջազգային կազմակերպությունների արտաքին գործերի վարչության պետ Չո Չոլ Սուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ, ըստ Հարավային Կորեայի և Ճապոնիայի տվյալների, Հյուսիսային Կորեան վերջին օրերին հրթիռների երկու փորձարկում է կատարել. երկու բալիստիկ հրթիռներ ուղղվել են դեպի Ճապոնական ծով։ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային մեղադրել է ՄԱԿ-ի բանաձևերը խախտելու մեջ և կոչ է արել խստացնել պատժամիջոցները: Մարտի 30-ին Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման խնդրի շուրջ տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ:
Չո Չոլ Սուն ՄԱԿ-ի բանաձևերն անվանել է ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության ուղղակի արդյունք և ասել, որ դրանք կասկածի տակ են դնում Հյուսիսային Կորեայի ինքնապաշտպանության իրավունքը:
«Սա պետության ինքնիշխանության անտեսում է և, անկասկած, երկակի ստանդարտների քաղաքականության դրսևորում: Շատ երկրներ, իրենց ռազմական ուժերն ամրապնդելու համար, սկսում են ամեն տեսակի արձակիչներ փորձարկել»,- հավելել է նա: