«Թուրքիայի ստրուկները». Թուրքիան որպես վարձկաններ հավաքագրում է նաև երեխաների
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը հերթական հոդվածն է հրապարակել տարբեր պատերազմներում Թուրքիայի կողմից վարձկանների օգտագործման մասին։ Այս հոդվածում լրագրողը բացահայտում է մանկահասակ երեխաների հավաքագրելու, նրանց վարձկաններ դարձնելու Թուրքիայի գործողությունների մասին։ Հոդվածը հրապարակվել է npasyria կայքում։
«2012-ին, երբ Սիրիայում հեղափոխությունը պայթեց, Ֆաջր Մաալիկին (կեղծանուն) 12 տարեկան էր և 6-րդ դասարանում: Մաալիկիի բազմանդամ ընտանիքն ապրում էր Իդլիբի ծայրամասում, և երբ Սիրիայի ազատ բանակը (FSA) ստեղծվեց Սիրիայի կառավարության դեմ պայքարելու համար, նրա հարազատներից շատերը միացան»,- ասվում է հոդվածում:
«Իմ ընտանիքի տղամարդկանցից մոտ 40-ը դարձան FSA մարտիկներ: Հայրս չի անդամակցել FSA- ին, բայց նա աջակցել է նրանց»,- պատմել է Մաալիկին։
Մաալիկին 13 տարեկան էր, երբ իշխանամետ աշխարհազորայինները մոտեցան իր գյուղին, և նա առաջին անգամ զենք վերցրեց:
«Ես գնացի իմ զարմիկների հետ։ Այդ պահին մեզանից ոչ ոք իրականում մարզված չէր: Կարևոր չէր, գնացինք ու կռվեցինք», - ասել է նա, հավելելով, որ մայրը խնդրել է այլևս չգնալ, վերադառնալ դպրոց, ինչը չի արել։ Մաալիկիի արական սեռի հարազատները ոչ մի խնդիր չեն տեսել նրա դեռահաս տարիքի մեջ, ոչ էլ նրա առաջին FSA հրամանատարը, որը գովել է նրան դպրոցը լքելու ու մարտին միանալու համար:
Մաալիկիի պատանեկան տարիների մեծ մասն անցել է սիրիական մարտադաշտերում:
«Եղել են վտանգավոր ժամանակներ: Երբ ես 14 տարեկան էի, մարտեր էի մղում Հալեպի հյուսիսային արվարձանում: Իմ խումբը պաշարվեց Ասադի ռեժիմի կողմից, և նրանցից շատերը սպանվեցին: Ես երեք տարի մնացի մի տեղում, իմ տարիքի մեկ այլ տղայի հետ: Մենք աղբանոցից էինք ուտելիք գտնում: Երբ պաշարումը վերջնականապես ճեղքվեց, կարծում եմ, որ երկուսս էլ զարմացանք, որ ողջ դուրս եկանք»,- պատմել է Մաալիկին։
Նա ասում է, որ իր գյուղից մոտ մեկ տասնյակ դեռահասներ անդամագրվել են FSA-ին պատերազմի առաջին երկու տարիներին:
Նշվում է, որ 2014 թ.-ին Միացյալ Նահանգները մեկնարկեց ծրագիր, որի նպատակն էր ուսուցում և սպառազինություն տրամադրել FSA-ի «չափավոր» խմբերին, որպեսզի նրանք կարողանան պայքարել ԴԱԵՇ-ի դեմ: Ընտրված առանցքային խմբավորումներից մեկը Հարակաթ Հազմն էր, որը հազարավոր մարտիկներ ուներ Հալեպի և Իդլիբի հարակից տարածքում:
2015-ի մարտին «Ալ-Նուսրա» ճակատը հարձակվեց Հարակաթ Հազմի վրա, ԱՄՆ կառավարության կողմից Հազմին տրված զենքն ու այլ օգնությունը գողանալով: Նուսրան ավելի հզոր դարձավ Իդլիբում և Հալեպում՝ իրենց սեփական տարածքներից դուրս կանգնեցնելով անցակետեր և ավելի շատ վերահսկողություն իրականացնելով FSA խմբակցությունների վրա:
Մինչ ԴԱԵՇ-ի դաժանությունները հայտնի դարձան, Ալ-Նուսրա ճակատը՝ Սիրիայի Ալ-Քաիդային հարող խմբավորումը, համեմատաբար ավելի մեղմ էր թվում:
«Նուսրան ավելի բարի էր խաղաղ բնակիչների նկատմամբ, քան ԴԱԵՇ-ը, և նրանք ավելի բարձր աշխատավարձ և ավելի լավ ուսուցում առաջարկեցին մարտիկների համար, քան Սիրիայի ազատ բանակը, ուստի նրանք ավելի մեծ ժողովրդականություն վայելեցին: FSA-ի շատ մարտիկներ հեռացան՝ Նուսրային միանալու համար։ Եվ հետո, Նուսրան սկսեց հավաքագրել երեխաներ», - ասել է Ֆաջր Մաալիկին, հավելելով, որ քարոզներ էին իրականացնում՝ երեխաներին հավաքագրելու համար։
Ասվում է, որ Նուսրային միացող տղաները պետք է լինեին 15 տարեկան, սակայն կային նաև 13-14 տարեկաններ։
Տարիներն անցնում էին, Մաալիկին շարունակում էր պայքարել սիրիական ընդդիմության համար:
«2016-ը և 2017-ն ամենադժվար տարիներն էին ինձ համար: Սիրիական ընդդիմության խմբակցությունները հետևողականորեն չէին վճարում մարտիկներին: Ես չէի կարող կոշիկ գնել: Հազիվ էի կարողանում սնունդ գնել: Այդ ժամանակ ես 16 և 17 տարեկան էի», - ասել է նա:
Այնուհետև, 2017-ի դեկտեմբերին, Սիրիայի ազատ բանակի խմբավորումների մեծ մասը միավորվել է այսպես կոչված Սիրիայի ազգային բանակի (SNA) մեջ, որը գտնվում էր Թուրքիայի կառավարության անմիջական հսկողության և աջակցության ներքո, որից հետո մարտիկներին վճարումները կատարվում էին ավելի հետևողականորեն:
2018-ի հունվարին Թուրքիան սկսեց «Ձիթենու ճյուղ» գործողությունը՝ գրոհելով Սիրիայի հյուսիսում հիմնականում քրդաբնակ Աֆրին քաղաքը: Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին քաղաքը, իսկ Թուրքիայի կողմից աջակցվող SNA խմբակցությունները ցամաքային գրոհ սկսեցին:
«Քանի որ Թուրքիան սկսեց ավելի շատ տղամարդկանց հավաքագրել Աֆրինի գործողության համար, այս SNA խմբավորումները լրացնելու համար, նրանք նաև սկսեցին ավելի շատ երեխաներ հավաքագրել։ Եվ դա շարունակվում է մինչ օրս: Այժմ SNA խմբավորումների մեջ այնքան շատ երեխաներ կան», - ասել է Մաալիկին:
Նրա խոսքով՝ SNA մարտիկներին խաբել են Աֆրինում գործողության իրական նպատակի մասին։
«Թուրքերը մեզ ասացին, որ YPG- ն [հիմնականում քրդական, ԱՄՆ-ի դաշնակից աշխարհազորայինները] և ԴԱԵՇ-ը միասին աշխատում են Աֆրինից մեզ դեմ պատերազմելու համար: Նրանք ասացին, որ YPG-ն ուզում է անել այն, ինչ Իսրայելն է արել. Սիրիայում ստեղծել պետություն հենց քրդերի համար, և որ նրանք կփորձեն գրավել Իդլիբը և Հալեպի գյուղերը մինչև Լաթաքիա: Բայց երբ ներխուժումը սկսելուց հետո ես Աֆրինում էի, ես տեսա, թե ինչպես SNA խմբավորումները կողոպտեցին խաղաղ բնակիչներին, առևանգեցին նրանց և բռնաբարեցին կանանց։ Ես տեսա, որ Թուրքիան օկուպացրեց Աֆրինը: Մենք Աֆրինում չէինք կռվում Ասադի դեմ: Ճակատամարտը կապ չուներ սիրիական ռեժիմի դեմ մեր հեղափոխության հետ», - շարունակել է Մաալիկին:
Ի վերջո, Մաալիկին նշանակվել է Աֆրինում որպես բանտապահ, այնուհետ հեռացել SNA-ից, վերադարձել Իդլիբ: Նա այժմ իրեն ակտիվիստ է համարում և ուշադիր հետևում է իրավիճակին իր և ընդդիմության կողմից վերահսկվող այլ տարածքներում:
«Հիմա տարբեր խմբավորումներում կա ավելի քան 500 երեխա։ Դա նրանց ծայրահեղ աղքատության պատճառով է: Նրանք չեն պայքարում հանուն գործի: Նրանք պարզապես փորձում են գոյատևել: Թուրքիան որսում է բոլորին», - ասել է Մաալիկին:
Մաալիկին SNA-ում հավաքել է լուսանկարներ և տեղեկություններ դեռահաս գրոհայինների մասին:
«Ես վատ էի զգում նրանց համար, քանի որ ես կռված երեխա եմ, չեմ ուզում, որ նրանք ունենան իմ փորձը: Բայց նրանք ավելի վատ վիճակում են, քան ես էի: Երբ պատերազմը սկսվեց, ես կարող էի կարդալ: Այսօր մանկամարտիկների մեծ մասը չի կարող կարդալ: Նրանց հայրերից շատերը զոհվել են մարտերում: Դրանից օգտվում են Թուրքիան և SNA-ի կոռումպացված հրամանատարները»,- ասել է Մաալիկին:
Վերջինս պատմել է, որ 2018-ին Աֆրինից հեռանալուց առաջ «Սուլթան Մուրադ» խմբավորման շտաբի մոտով անցնելիս երաժշտություն ու ծիծաղ է լսել, կանգ առել պատուհաններից նայելու։
«Ես մտածեցի, որ տեսա երկու կանանց, ովքեր պարում էին Սուլթան Մուրադի երեք հրամանատարների առաջ: Բայց երբ ավելի ուշադիր նայեցի, տեսա, որ նրանք երիտասարդ տղաներ են՝ կանանց հագուստներով»,- ասել է Մաալիկին, հավելելով, որ երբ տղամարդիկ սկսել են բռնաբարել երկու տղաներին, նա այլևս չի կարողացել դիմանալ և փախել է դեպքի վայրից:
Մաալիկին ասում է, որ սիրիական ընդդիմության հրամանատարների կողմից արական երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու պրակտիկան գոյություն է ունեցել Սիրիայում պատերազմի սկզբից, բայց այժմ դա ավելի տարածված է, քան երբևէ: Որպես հիմնական գործոն՝ նա նշում է Լիբիայի հակամարտությանը Թուրքիայի մասնակցությունը:
«Հիմա, երբ Թուրքիան SNA խմբավորումներին ուղարկեց Լիբիա, կան SNA հրամանատարներ, որոնք կանանց հասանելիություն չունեն։ Նրանք հեռու են իրենց կանանցից: Եվ նրանք Լիբիա են բերել երիտասարդ տղաների, ովքեր այնտեղ են՝ բացառապես նրանց կողմից սեռական օգտագործման համար: Նրանք նրանց անվանում են ալ-ֆիրախ [փոքրիկ թռչուններ]: Պրակտիկան լիովին ընդունված է SNA-ի շրջանում», - ասել է Մաալիկին:
Նշվում է, որ այնպես չէ, որ Թուրքիան երեխաներին հավաքագրում է Լիբիայի համար, այս հարցը գոյություն է ունեցել շատ առաջ, երբ Թուրքիան առաջին սիրիացին ուղարկեց Լիբիա, և այն գոյություն կունենա նաև մինչ վերջին սիրիացին կլքի Լիբիան։
«Երբ Թուրքիան SNA-ի խմբավորումներին ուղարկեց Ադրբեջան՝ (աջակցելու ադրբեջանական ուժերին Լեռնային Ղարաբաղի վրա 2020 թ. սեպտեմբերին սկսած հարձակմանը), նրանց մեջ երեխաներ կային»,- ասել է Մաալիկին:
Ֆաջր Մաալիկին մեծ հույսեր չի կապում Սիրիայի կամ նրա երիտասարդության ապագայի հետ:
«Մեր հեղափոխությունը մեռած է: Սիրիայի ազգային բանակը պարզապես վարձկաններ են Թուրքիայի համար: Էրդողանը մեզ ուղարկել է Լիբիա, Ադրբեջան: Բազմաթիվ լուրեր կան այն մասին, թե որտեղ է հաջորդ անգամ ուղարկվելու SNA-ը: Երիտասարդ սերունդը, նրանք, ովքեր դեռ նորածին էին պատերազմի ժամանակ, անգրագետ են, անկիրթ և միամիտ: Կարծում եմ ՝ նրանք կմնան Թուրքիայի ստրուկը»,- ասել է Մաալիկին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին