ՀՀ նախագահությամբ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանն ավարտվեց Համաձայնեցված եզրակացությունների ընդունմամբ
Մարտի 26-ին ավարտվեց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցած ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը՝ եզրափակիչ փաստաթղթի միաձայն ընդունմամբ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։
Փաստաթղթի ընդունումից առաջ, դիմելով Գլխավոր ասամբլեայի դահլիճում ներկա ՄԱԿ անդամ երկրների ներկայացուցիչներին, Մհեր Մարգարյանն ընդգծել է համավարակով պայմանավորված դժվարությունների և մարտահրավերների պայմաններում համաձայնեցված արդյունքի հասնելու կարևորությունը։ ՀՀ մշտական ներկայացուցիչը բարձր է գնահատել մի քանի շաբաթ տևած բանակցություններում ներգրավված պատվիրակությունների ջանքերը փաստաթղթի համաձայնեցման գործում՝ կարևորելով դրա նշանակությունը բոլոր ոլորտներում կանանց և աղջիկների լիարժեք և արդյունավետ մասնակցությանն ու կանանց նկատմամբ բռնության վերացմանը խթանելու առումով։
Համաձայնեցված եզրակացությունները (Agreed Conclusions) սահմանում են խորհրդատվություններ հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պետական իշխանության մարմիններում կանանց լիարժեք և հավասար մասնակցությանն ուղղված հստակ միջոցառումներ։ Կարևորվում են կանանց նկատմամբ խտրականության վերացման համար օրենսդրական փոփոխությունները, նորարարական միջոցների մշակումը և թիրախների ու ժամանակացույցի հաստատումը գործադիր, օրենսդիր և դատական իշխանության մարմիններում կանանց հավասար մասնակցության նպատակով։ Փաստաթուղթը նաև ամրագրում է խաղաղության գործընթացներին կանանց ներգրավման կարևորությունը, ինչպես նաև՝ կանանց և աղջիկների հանդեպ բռնության բոլոր ձևերի կանխարգելման ու վերացման առաջարկություններ։
ՄԱԿ-ի օրացույցի ամենանշանակալի միջոցառումներից մեկը համարվող Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանի քննարկումներին ելույթներով հանդես են եկել ավելի քան հարյուր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և նախարարներ։ Նստաշրջանի աշխատանքներին հետևել են աշխարհի տարբեր երկրների 800-ից ավելի հասարակական կազմակերպությունների հազարավոր ներկայացուցիչներ։ Նստաշրջանի շրջանակներում կազմակերպվել էին նաև մի շարք առցանց միջոցառումներ նվիրված աշխարհում կանանց և աղջիկների խնդիրներին ու իրավունքների պաշտպանությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան